ԱԺ-ն դահլիճը կտրամադրի ՀՀԿ-ին էլ. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դեռեւս տեղյակ չէ Կառավարության կառուցվածքի փոփոխությունների օրինագծից: «Անկեղծ ասած ծանոթ չեմ, այսօր առաջին օրն է, որ եկել եմ, երբ ծանոթանամ, անպայման տեղյակ կպահեմ»,-«Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց Սիմոնյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախարարությունների թիվը պետք է կրճատվի: Կառավարության այս տարվա առաջին նիստի ժամանակ, վարչապետը նշեց, որ Կառավարության կազմի փոփոխության և նախարարությունների թվի կրճատման նպատակը պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումն է: Ինչ վերաբերվում է շաբաթ օրը ԱԺ-ում Վարչապետի, «Իմ քայլը» խմբակցության, մարզպետների փակ հանդիպմանը, ապա ըստ խորհրդարանի փոխնախագահի՝ յուրաքանչյուր կուսակցություն կարող է դիմել դահլիճը տրամադրելու համար, եւ ԱԺ-ն պարտավոր է տրամադրել այն։ «Դահլիճը չի պատկանում մեկ կամ երկու, կամ ԱԺ անցած կուսակցությունների, ԱԺ դահլիճը Հայաստանի Հանրապետությանն է։ Եթե որեւիցե կուսակցություն, լինի Հանրապետականը, թե այլ կուսակցություն, խնդիր ունի դահլիճի եւ կդիմի ԱԺ, կարծում եմ՝ ԱԺ-ն չի մերժի իրենց դահլիճ տրամադրելու հարցում: Տեղյակ եմ հանրապետական Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը եւ կարծում եմ, եթե ՀՀԿ-ն մի օր ուզի էստեղ քննարկում անցկացնի, ԱԺ ղեկավարությունը դահլիճը կտրամադրի իրենց, այլ խնդիր է՝ արդյոք կկարողանան իրենք՝ 132 մարդ հավաքեն դահլիճ լցնելու համար, թե ոչ»,-ասաց Ալեն Սիմոնյանը: