«Խաղաղության մասին այսօր ով որ խոսի, դա նշանակի, որ ուզում է թմրեցնել իրավիճակը»
«Պատերազմի վերսկսման վտանգի գիտակցումը չէ, որ մեզ ուղեկցեց Ղարաբաղ, այլ՝ գնալու հիմնական նպատակը այն էր, որ նորընտիր պատգամավորներն անմիջապես հաղորդակցվեն Արցախի ԱԺ պատգամավորների, քննարկեն ընդհանուր խնդիրները, ուշադրության արժանի հարցերը»,- «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, իրավաբան Գեւորգ Պետրոսյանը: Արցախ կատարած այցի ժամանակ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել բարեգործական ակցիայով: Խմբակցության այցի նպատակը, պատգամավորի խոսքով, ավելի ճանաչողական նպատակ է ունեցել, իսկ պատերազմի վտանգը երբեք չի վերացել: «Քանզի չկա դեռ հաստատված կայուն խաղաղություն, չկա և՛ դրա իրավական ձևակերպումները և՛ փաստացի կայունությունը: Ցավոք, մենք տեսնում ենք զոհեր, արձանագրում ենք մահվան դեպքեր, այսինքն՝ խաղաղության մասին այսօր ով որ խոսի, դա նշանակի, որ ուզում է թմրեցնել իրավիճակը»,- ընդգծեց պատգամավորը: Այն հարցին, թե ինչպես է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում իշխանությունների քայլերն ու գործողությունները, քաղաքական գործիչը պատասխանեց. «Մեր խմբակցության դիրքորոշումը, որ առաջին հերթին պաշտպանում է մեր խմբակցության ղեկավար պարոն Ծառուկյանը, այն է, որ մենք պետք է կարողանանք տնտեսական առումով հզոր լինել, սոցիալական առումով լինել անխոցելի, որպեսզի մեզ հետ հաշվի նստի մյուս կողմը»: Ցանկացած պատերազմող կողմ, ըստ Գևորգ Պետրոսյանի, առաջին հերթին օգտվում է մյուս կողմի ապիկարությունից: Պետք է նախադրյալներ ստեղծել Արցախում տնտեսական զարգացման, հզորացման համար, ապահովել բոլոր սոցիալական շերտերի գործուն մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքին: «Եթե մենք Ղարաբաղը համարում ենք ինքնուրույն պետություն, բնականաբար պետք է բանակցային գործընթացի ինքնուրույն, ինքնավար կողմ լինի»,- շեշտում է ԲՀԿ խմբակցության պատգամավորը՝ խոսելով բանակցային գործընթացներում ԼՂՀ-ի՝ որպես երրորդ կողմ ներգրավածության անհրաժեշտության մասին: «Ղարաբաղը պետք է ընկալվի որպես բանակցող կողմ՝ որպես ինքնավար սուբյեկտ, և այդ հողի վրա վարվեն բանակցությունները»,- եզրափակեց նա: