Վալերիյ Օսիպյանը հիմա բանտում պիտի լիներ. Գևորգ Սաֆարյան (տեսանյութ)
«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը պնդում է, որ նա չի նա վիրավորել ոստիկանապետին։ Երեկ դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող Վալերիյ Օսիպյանի ՝ «Որևէ մեկը չփորձի էստեղ որևէ բան ասի» արտահայտությանը նա արձագանքել էր. «Արա, դու ինձ չպիտի ասես, այ լակոտ» բառերով։ «Ես պարոն Օսիպյանին չեմ վիրավորել, ընդամենը ճշմարտությունն եմ ասել իր վերաբերյալ: Նրան և՛ ես, և՛ իմ պայքարակից ընկերները ճանաչում ենք շատ վաղուց, դեռ Մաշտոցի պուրակից մենք գիտենք իր կատարած բազմաթիվ ապօրինի գործողություններն ու հանցագործությունները»,- ասում է նա։ Դիտարկմանը, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Վալերիյ Օսիպյանը նրա կողմից արտահայտած բառերի վերաբերյալ դիմի իրավապահ մարմիններին, Գևորգ Սաֆարյանը այսպես արձագանքեց. «Ինձ դա բացարձակ չի հետաքրքրում, եթե Օսիպյանը ուզում է ինձ հետ դատական գործընթացների մեջ լինի, ես մեծ հաճույքով կներկայացնեմ իր ամբողջ անցած ուղին: Օսիպյանը Սերժ Սարգսյանի մահակն էր, և հենց Սերժ Սարգսյանն է նրան՝ իրեն լավ ծառայելու համար պարգևատրել Բաղրամյան 26-ում»: Գեւորգ Սաֆարյանը 2 տարվա ազատազրկման էր դատապարտվել այն բանից հետո, երբ 2016թ. հունվարի 1-ի գիշերը Ազատության հրապարակում փորձել էր տոնածառ տեղադրել։ Արդյո՞ք նա կպահանջի այդ գործով նոր քննություն անցկացնել։ «Դատական համակարգը մնացել է ամբողջովին հինը, նույն դատավորներն են, նույն օրենքներն են, նույն դատական համակարգը վերահսկող մարմիններն են: Այս դատաիրավական համակարգը Հայաստանում չի կարող իրականացնել արդար դատավորություն, մանավանդ քաղաքական գործերով, նրանք ունակ չեն, նրանք հին ռեժիմի մնացուկներն են»:,- ասաց նա։ Գեւորգ Սաֆարյանը պնդում է՝ գործը ամբողջովին սարքվել է Վալերիյ Օսիպյանի կողմից. «Դատարանում ոստիկանների կողմից տրված ցուցմունքները պարզ ցույց են տալիս, որ Վալերիյ Օսիպյանը նախապես եկել՝ իրենց հրամաններ է տվել, որպեսզի այդ բախումը ստեղծվի: Վալերիյ Օսիպյանը հիմա բանտում պիտի լիներ»: Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանին մեղադրանք էր առաջադրվել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: