Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՌՀ շուրջ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. լրագրողական կազմակերպություններ (տեսանյութ)

Քաղաքականություն
HRAH

 «ՀՌՀ-ի շուրջ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել»,- ահազանգում են  լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները: Շուտով լրանում է Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահի լիազորությունների ժամկետը: Ամիսներ առաջ, ամռանը, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն առաջարկել էր հինգ անդամից բաղկացած անկախ մրցութային հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի Հանրային հեռուստաընկերության խորհրդի անդամների եւ նախագահի ընտրություններով: Այդ պաշտոնները նախկինում նշանակովի էին: «Անկախ մրցութային հանձնաժողովի կազմում պետք է լինեին ներկայացուցիչներ ԿԳ եւ մշակույթի նախարարություններից, մեկ անդամ պետք է ներկայացնեին լրագրողական կազմակերպությունները, մեկը՝ ստեղծագործական միությունները, հինգերորդ անդամին պետք է ներկայացներ-նշանակեր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը: ՀՌՀ այս նախաձեռնությունը դրական արձագանք է գտել: Արդյունքում, անկախ մրցութային հանձնաժողովում առաջարկվել եւ նշանակվել են մշակույթի նախարարի կողմից փոխնախարար Նազենի Ղարիբյանը, ԿԳ նախարարությունից` փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, ստեղծագործական միությունների կողմից`Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, լրագրողական կազմակերպությունների կողմից`լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Վերջերս, սակայն, «Ա1+»-ը մի նյութ է հրապարակել`«Սաթիկ Սեյրանյանին չե՞ն լիազորել»  վերտառությամբ, ինչը կասկածի տակ է դրել անկախ մրցութային հանձնաժողովի ձեւավորումը»,-այսօր հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հայտնեց, որ լրագրողական կազմակերպությունները  չեն ցանկանում շարունակվի այն ոճը, որ ամեն ինչ որոշվում էր վերեւում: «Այդպիսի ռիսկեր տեսնում ենք: Հիմա գործընթացներ են լինում, որ ցույց են տալիս, որ ոչինչ չի փոխվել: Վերջերս անհարմար խնդրի առջեւ են կանգնել, քանզի ՀՌՀ-ն վերջին ամիսներին մի դիրքորոշում է ընդունել, որ «դա մեր գործընթացն է, ում կցանկանանք, նրան էլ կներկայացնենք»,-ասաց Նավասարդյանը: