Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միքայել Հարությունյանը պետք է գա և ներկայացնի այն տեղեկությունը, ինչին ինքը տիրապետում է» (տեսանյութ)

Քաղաքականություն
andranik-nkar

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ՝ հանձնաժողովը հետամուտ է լինելու Պաշտպանության նախարարության կողմից պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան դեպքին: «Հանձնաժողովը և ես այդ հարցը անպայման առաջնահերթությամբ կուսումնասիրենք և կհասկանանք, թե ինչ մեխանիզմների բացակայությունն էր, որ այսպիսի անորոշություն առաջացրեց»:  Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 1-ի գիշերը  ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել էր Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է: Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործին, փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը շեշտեց, որ նախկինում քաղաքական պատվեր կար կոծկել Մարտի 1-ի գործը, այժմ հակառակն է: «Սա բացառիկ հնարավորություն է, որ մեր իրավապահ համակարգը այն տարիների ընթացքում, որ իրեն օգտագործել են անօրինական գործողությունների շրջանակում և այնտեղ փչացրել են շատ-շատ պատասխանատու պաշտոնյանների, այդ խնդիրը պետք է հիմա լուծվի»: Անհրաժեշտ է, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն այն պաշտոնյանները, որոնց քաղաքական որոշման պատճառով Մարտի 1-ը եղավ: Ըստ Քոչարյանի՝ բոլոր այն պաշտոնյանները, ովքեր Մարտի 1-ի գործով տեղեկատվության են տիրապետում, պետք է աջակցեն նախաքննական մարմիններին: «Այլևս թաքցնելու ոչինչ  չկա, բաց է արդեն, թող գան շուտ»:  Դիտարկմանը,  թե  առանց գործին մասնակից երկու առանցքային  պաշտոնյանների՝ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի և  Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի,  հնարավո՞ր է գործը ամբողջովին բացահայտել, Քոչարյանը նշեց. «Չգիտեմ Վահագն Հարությունյանն ինչպես է մտածում,  բայց չգիտես ինչու, ես այն համոզմունքն ունեմ, որ  «0038» հրամանի բանակին  վերաբերող լուրջ բացահայտումների կարիք չկա: Միքայել Հարությունյանը պետք է գա և նախաքննությանը  ներկայացնի այն տեղեկությունը, ինչին ինքը տիրապետում է, որովհետև իրենից բացի, բոլորը  0038 հրամանի վերաբերյալ ներկայացրել են ամբողջ խճանկարը, բացառությամբ այն հատվածի, որը գտնվում է գաղտնիության ռեժիմի տակ»: