Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի վերականգմանն ուղղված բարեփոխումների հայեցակարգ․ դատարաններ

Պաշտոնական
dat

Հայաստանում տարիներ շարունակ դատարանները եղել են իշխանությունների ոչ իրավաչափ վերահսկողության ներքո, իսկ դատարավորների նկատմամբ վերահսկողությունն իրականացվել է անմիջապես նրանց նշանակման պահից։ Այս մասին ասվում է «Հայաստանի Հանրապետության վերականգմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգում», որը կազմել են հայաստանյան մի շարք հեղինակավոր հասարակական կազմակերպություններ, մասնավորապես՝ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպությունը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Իրազեկ քաղաքացիների միավորումը», «Հայաստանի հելսինկյան կոմիտեն» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը»։ Խնդիրներ ՀԿ-ների ներկայացված փաստաթղթում վեր են հանվում ՀՀ դատական համակարգի մի շարք խնդիրներ և, համապատասխանաբար, ներկայացվում կոնկրետ առաջարկներ։ Մասնավորապես, նշվում է, որ Հայաստանում իշխող կուսակցության կողմից դատական համակարգի վերահսկողությունից զատ, աղճատված է եղել նաև դատական համակարգի ներքին վերահսկման համակարգը։ Այսպես, դատավորների ինքնակառավարման մարմինը՝ նախկինում արդարադատության խորհուրդը, իսկ այժմ՝ Բարձրագույն դատական խորհուրդը, կոչված է ապահովելու դատավորների անկախությունը, սակայն երկար ժամանակ այս մարմինը հանդիսացել է դատավորների ուղղորդման մեխանիզմ: Խորհուրդը կամայականորեն կիրառել է դատավորների նշանակման, առաջխաղացման, ազատման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու սահմանադրական լիազորությունները, որպեսզի պատժի «չենթարկվող» դատավորին խրախուսի կամ պատժի: Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանում եղել են իշխանություններին սպասարկող դատավոր-անձեր, սակայն չի եղել իրական անկախ դատական իշխանություն։ Լուծումներ Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության վերականգման հայեցակարգ-ճանապարհային քարտեզով առաջարկվում է փոփոխել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը՝ սահմանադրական անհրաժեշտ փոփոխություններով հանդերձ, որի արդյունքում կդադարեցվեն Ընդհանուր իրավասության դատարանների, Վերաքննիչ, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների լիազորությունները, և կձևավորվի ՀՀ Գերագույն դատարան ՝ որպես մեկ միասնական բարձրագույն դատական ատյան։ Սրան զուգահեռ, Վերաքննիչ դատարանում կստեղծվի երկու պալատ՝ տեղական դատարանի որոշումների և առաջին ատյանի դատարանի դատավճիռների և որոշումների դեմ բերված բողոքների քննություն իրականացնելու համար, իսկ ընդհանուր իրավասության դատարանները կբաժանվեն երկու օղակների։ Օղակներից առաջինը կքննի ոչ ծանր՝ մինչև 5 տարվա ազատազրկում նախատեսող գործերը, ինչպես նաև տարբեր միջնորդություններ, օրինակ՝ բնակարանի խուզարկության, կալանավորման և այլն։ Երկրորդ օղակը կիրականացնի արդարադատություն, այսինքն՝ գործի ըստ էության քննություն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով (5-ից ավելի տարվա ազատազրկում)։ Ինչ վերաբերում է կոռուպցիոն հանցագործություններին, ապա դրանով կզբաղվի հատուկ Կոռուպցիոն գործերով դատարանը։ Բացի սա, փաստաթղթով առաջարկվում է ձևավորել նոր Բարձրագույն դատական խորհուրդ, որը, ի տարբերություն գործողի, կլինի լեգիտիմ։ Օրենքով և պրակտիկայում ԲԴԽ-ն պետք է ցուցաբերի առավելագույն հաշվետվողականություն և կայացնի պատճառաբանված որոշումներ: Դատավորների նշանակման համար պետք է մշակել այնպիսի մեխանիզմ, որը կբացառի որևէ կուսակցության մենաշնորհային դերն այդ որոշումների կայացման մեջ: Նաև, առաջարկվում է ներդնել դատավորների եկամուտների և շահերի բախման հայտարարագրման մեխանիզմ, ինչպես նաև դատական ակտերի մոնիթորինգ, որը թույլ կտա պարզել, թե ինչ որոշումներ է կայացնում կոնկրետ դատավորը համանման գործերով։ Ընդհանուր առմամբ, «Հայաստանի Հանրապետության վերականգմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգը» բավական ծավալուն փաստաթուղթ է, որի հիմնական շեշտադրումներից մեկը, թերևս, այն է, որ քաղհասարակությունը պետք է մասնակցի երկրի համար կարևոր հարցերի քննարկմանը՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ միասին։ Մեր հետագա հրապարակումներում կանդրադառնանք «Հայաստանի Հանրապետության վերականգմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգում» այլ ոլորտներին առնչվող հարցերին ու առաջարկություններին։ «Իրազեկ քաղաքացիների միավորում»