Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պահանջել ենք Սաֆարովին Հունգարիա վերադարձնել. ՄԻԵԴ վճիռը գուցե հրապարակվի այս տարի». փաստաբան  (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture-30

Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի:  «Արմենպրես» գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց 2004թ. այս օրը Հունգարիայում ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրի սպա Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը:  «Տարիներ առաջ դիմեցինք ՄԻԵԴ, 2016 թվականին սկսվեց կոմունիկացիան և հարցեր առաջադրվեցին Հունգարիայի ու Ադրբեջանի կառավարություններին: Ադրբեջանին առաջադրվեցին հարցեր կյանքի իրավունքի խախտման, ազգային խտրականության վերաբերյալ: Նաև հարց կա այն մասին, թե որն է եղել անհրաժեշտությունը, որի հիման վրա Սաֆարովը ստացել է մի շարք արտոնություններ: Հունգարիայի կառավարությանը հարց ենք ուղղել, թե արդյո՞ք ստացել են ադրբեջանական կողմից բոլոր հավաստիացումներն այն մասին, որ Սաֆարովը պատիժը կկրի Բաքվում նույն դատավճռին համապատասխան: Ինչպես նաև հարց է եղել այն մասին, թե արդյոք մինչև 2012 թվականը Ադրբեջանը դիմել է Հունգարիային՝ Սաֆարովին արտահանձնելու խնդրանքով, եթե այո, ապա ինչ հիմքով է մերժվել: Պատահական չէ, որ այս հարցը տրվել է, որովհետև հիմքեր են եղել, որ մերժվել է Ադրբեջանի խնդրանքը: Հիմա ցանկանում ենք, որ դրանք ներկայացվեն կոնկրետ փաստաթղթերով»,-ասաց Նազելի Վարդանյանը: