Խաղաղությունը կեղծ օրակարգ է. «Կամք» նախաձեռնություն (տեսանյութ)
«Կամք» նախաձեռնության անդամ, Հայ ազգային գվարդիայի ղեկավար Հրանտ Չոբանյանն անհանգստություն ունի Արցախյան հիմնահարցի կապակցությամբ։ Նրանք նշում են, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կարևոր է իմանալ, թե ինչ «մեջքով» է վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնալու բանակցությունների։ Չոբանյանի պնդմամբ արդեն պետք է աշխարհին ցույց տալ հայ ժողովրդի դիրքորոշումը։ Իսկ խաղաղության վերաբերյալ թեզերը համարում է կեղծ օրակարգերի։ Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Արթուր Եղիազարյանը հիշեցնում է, որ գործ ունենք մի հարևանի, որը թշնամի է։ ՀՅԴ անդամը հիշեցնում է, որ պատերազմը հայկական կողմը չի սկսել։ «Մենք Ադրբեջանից հող չենք գրավել։ Իսկ ԼՂԻՄ-ը ձևավորվել է Արցախյան հողերի վրա», - ընդգծում է նա։ Իսկ նրանք, ովքեր կոչ են անում, ըստ Եղիազարյանի, տարածքներ հանձնել, պատերազմ են սանձազերծում։ «94 թվականից մեր գոյությունը ապահովել են այս սահմանները»։ Հայ ազգային գվարդիայի համահիմնադիր անդամ Արշաք Զաքարյան նշում է, որ ոչ ոք չի կարող երաշխավորել արցախյան-ադրբեջանական սահմանի կայունությունը։ «Մենք ներ զիջումների կատարել են 1915 թվականին։ Մենք զիջել ենք բոլշևիկներին Կարսի պայմանագրով», - նկատում է Զաքարյանը։ Ոչ այսօրվա, ոչ վաղվա իշխանությունները, ըստ Զաքարյանի, լիազորված չեն հայ ժողովրդի անունից զիջումների գնալ Արցախյան հիմնախնդրում։ Քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը նույնպես այն կարծիքին է, որ խաղաղության թեզը կեղծ օրակարգ է։ Չախալյանը վստահեցնում է, որ ամբողջ հայ ժողովուրդը ոտքի կկանգնի ցանկացած հակահայ որոշման դեմ։ «Մենք համոզված ենք որ եթե լինի միասնություն, ազգային միասնություն, բոլոր խնդիրների լուծումները կլինեն հայանպաստ», - շեշտում է Չախալյանը։ Արշակ Զաքարյանը նշում է, որ չի կարելի Արցախյան հիմնահարցի ողջ պատասխանատվությունը թողնել միայն Արցախի 100 հազարանոց բնակչության վրա։ «Մեր սերունդը որոշել է զենքով, իր հերոսների արյունով սահմանը», - շեշտում է Չախալյանը։