Խափանման միջոց կալանքի կիրառման միջնորդությունները նվազում են, բավարարումը՝ ավելանում. ՀՀ դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազությունում ոսւումնասիրվել է 2018թ. ընթացքում մեղադրյալի կալանավորման կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննության պրատկտիկան և դրա վրա նախնական կալանքին վերաբերող միջնորդությունների հիմնավորվածության և իրավաչափության միասնական չափանիշների կիրառման արդյունավետության բարձրացմանն ուղղված դատախազության կոլեգիայի որոշումների ազդեցությունը: Վերլուծությունը ցույց է տվել, որ 2018թ. ընթացքում քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5228 անձ, որոնցից միայն 875-ի կամ 16,7%-ի վերաբերյալ է դատարան ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն: (Թվային տվյալների մեջ ներառված չեն ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) քրեական հետապնդումների ցուցանիշները): Ընդ որում՝ 2018թ. քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նախորդող տարվա համեմատ 368-ով կամ 7%-ով ավելի անձ: Չնայած դրան խափանման միջոցներից կալանավորման կիրառման միջնորդությունների տեսակարար կշիռը 2017թ. համեմատությամբ գրեթե չի փոխվել՝ մնալով 16.5-16.7%-ի միջակայքում, ինչն ըստ էության պետք է գնահատել որպես նշված խափանման միջոցի կրառման միջնորդությունների նվազում: Ներկայացված 875 միջնորդությունից բավարարվել է 808-ը կամ 92,3%-ը: Համեմատության համար նշենք, որ 2017թ. դատարան ներկայացված կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 803 միջնորդություններից բավարարվել է 727-ը կամ միջնորդությունների 90.5%-ը: Այսինքն միջնորդությունների բավարարման ցուցանիշն անցած տարվա ընթացքում բարելավվել է գրեթե 2 տոկոսային կետով: Հարկ է ավելացնել, որ 2018թ. ընթացքում դատախազի որոշմամբ խափանման միջոց կալանավորումը վերացվել է 51 անձի նկատմամբ, որը 17-ով կամ 50%-ով ավելի է 2017թ. ընթացքում դատախազի որոշմամբ կալանքից ազատված անձանց թվից: 2018թ. ընթացքում դատախազի կողմից հետ է վերցվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ մեղադրյալի կալանավորման ժամկետը երկարացնելու մասին քննիչի 8 միջնորդություն՝ 2017թ. արձանագրված՝ 5 միջնորդության դիմաց, այսինքն աճը կազմել է 37,5%: 2018թ. դատարան ներկայացված՝ մեղադրյալի կալանավորման մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ 67 դատական ակտերից 52-ի կամ 77,6%-ի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որից 20-ը կամ 38,4%-ը բավարարվել է: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է նաև մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու կամ միջնորդության քննության արդյունքում գրավ կիրառելու մասին դատական ակտերի բողոքարկման արդյունավետության ցուցանիշի փաստացի ավելի քան 52 տոկոսով բարելավում: Մասնավորապես, եթե 2017թ. բավարարվել են նշված դատական ակտերի դեմ դատախազի կողմից ներկայացված բողոքներից 25-ը, ապա 2018թ.՝ 38-ը: