Հատուկ պաշտպանվածություն են ունենալու տեղահանված կանայք և աղջիկները
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներառում է՝ ՀՀ կառավարության գործունեության հիմնական ուղենիշեր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում, արտաքին և ներքին անվտանգության ապահովում, պայքար կոռուպցիայի դեմ, ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի, տնտեսության շարունակական զարգացում, Հայաստան-Սփյուռք կապեր բաժինները: «Բոլոր այն կետերը կամ դրույթները, որոնց անդրադարձ չի կատարվել՝ արտացոլված են նոր ծրագրում և կառավաության հանձնառությունները նույնպես վերահաստատվել են նոր ծրագրում»,-նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հաստատվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» համապատասխան բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թթ. ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը: Հիմնավորման համաձայն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով բանաձևն անդրադառնում է կանանց նկատմամբ զինված հակամարտությունների ազդեցությանը, զինված հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և խաղաղաշինության գործընթացին կանանց ներգրավմանը: Ծրագիրն հնարավորություն կտա, ՄԱԿ-ի Անվտանգության խորհդի բանաձևի դրույթները տեղայնացնելու շնորհիվ, լուծում տալ ՀՀ-ի համար կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի: Մասնավորապես՝ ուշադրության կենտրոնում պահել սահմանամերձ համայնքներում կանանց տնտեսական, սոցիալական զարգացման խնդիրները, ապահովել տեղահանված կանանց և աղջիկների հատուկ պաշտպանվածությունը, նպաստել խաղաղապահ առաքելություններում կանանց ներգրավմանը և այլն: Գործողությունների ծրագրի առկայությունը ոչ միայն կհամակարգի այս ոլորտում նախկինում իրականացվող աշխատանքները, այլ նաև հնարավորություն կընձեռի ստանալ ֆինանսական օժանդակություն թե՛ տարբեր երկրներից, թե՛ ՄԱԿ-ի համապատասխան բանաձևի համար ստեղծված հատուկ հիմնադրամից: