«Նույնն է, թե ասել՝ Հայկ Ալումյանը Քոչարյանին պաշտպանում է մեր ցուցումով». Լարիսա Մինասյան (տեսանյութ)
«Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ը մտահոգված է վերջին իրադարձություններով։ Ըստ տնօրեն Լարիսա Մինասյանի՝ վերջին շաբաթների ընթացքում սուտ մեղադրանքներ են տարածվում իրենց հասցեին։ Նման տեղեկատվությունն էլ, ըստ նրա, հանգեցրեց բլոգեր Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամների միջեւ միջադեպին: «Մենք դատապարտում ենք անձի հանդեպ այս եւ բոլոր տեսակի այլ հարձակումները, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր առաջ են տանում կեղծիքը՝ փորձելով պառակտում սերմանել»,- ասաց նա: Նա հերքում է բոլոր այն պնդումները, որ իրենց հիմնադրամը նպատակ ունի վնասել Երեւանի պետական համալսարանի հեղինակությանը կամ վարկաբեկել ռեկտոր Արամ Սիմոնյանին։ Անհեթեթ , վիրավորական ու սուտ,- այս գնահատականը Լարիսա Մինասյանը տվեց այդ պնդումներին։ Հիմնադրամը «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությանը հատկացրել է մոտ քսան հազարի դոլարի դրամաշնորհ, որի « նպատակն է ԵՊՀ կյանքում ուսանողների իրազեկված մասնակցությունն ապահովելը եւ ուսանողների կողմից բուհի կառավարումը հաշվետու դարձնելու գործընթացին սատարելը»։ Ըստ Լարիսա Մինասյանի՝ այլ գործունեւություն իրենք չեն ֆինանսավորում, եւ ծրագրից դուրս որեւէ գործունեություն չեն վերահսկում։ «Ասել, որ «Ռեստարտը» դա արել է մեր դրամաշնորհի շնորհիվ, նույնն է, թե ասել, թե պարոն Ալումյանը, որը մեզանից դրամաշնորհ է ստանում, Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում է մեր ցուցումով»,- ասաց նա։ Անդրադառնալով ներկա կառավարությունում և ԱԺ-ում, այսպես կոչված, սորոսական քաղաքական գործիչների վերաբերյալ քննարկումներին՝ Լարիսա Մինասյանն ասաց, որ եթե այդ կոնտեքստում «սորոսական» են եղել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԱԺ նախկին պատգամավոր ՀՀԿ խմբակցությունից Հայկ Բաբուխանյանը, ում կատարած մի ուղևորութուն ժամանակին ֆինանսավորել է հիմնադրամը։ Նկատենք, որ «Բաց հասարակության հիմնադրամը» հասարակությանն առավել հայտնի է որպես «Սորոսի հիմնադրամ»: