Առանց ՀՀ համաձայնության հնարավոր չէ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակել. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)
«Զինված ուժերը Մարտի մեկի դեպքերից առաջ կամ հետո՝ արտակարգ իրավիճակ հայտարարելու հետ կապված օգտագործվել են մեր զինված ուժերը: Այսինքն՝ ներկա են եղել Երեւան քաղաքում: Մարտի մեկի դեպքերին՝ զինված ուժերի ներկա լինելու օրինաչափությունը դատարանում է հաստատվելու»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Պաշտպանության նախարարը պատասխանեց նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման լուրերին, թե այդ նշանակումը հնարավոր է առանց Հայաստանի: Նախարար Տոնոյանը բացառեց, որ հնարավոր է առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակում լինի. «Ես այդ հնարավորությունը բացառում եմ, քանի որ դա գլխավոր քարտուղարի նշանակում է, դա ինչ-որ որոշում չի մարտավարական կամ օպերատիվ մարտավարական օղակում, որ Հայաստանում խնդիր չի: Սա ռազմավարական դաշինքի գլխավոր քարտուղար ընտրելու խնդիրն է, ինչպես կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել: Այս պահին Արտաքին գործերի նախարարությունը ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան աշխատանքներ է տանում ՀԱՊԿ-ում, ինչպես նաև ՀԱՊԿ-ի քարտուղարությունն է համապատասխան աշխատանքներ տանում այս հարցի լուծման ուղղությամբ»: