«10 000 հոգու աշխատավարձ փորձում է խնայել պետությունը, ինչը անթույլատրելի է» (տեսանյութ)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կարծիքով՝ առանց Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու հնարավոր չէ կրճատումներ լինեն: «Փաստացի մենք պետք է ունենանք 5 նախարարության լուծարում, դրանց որոշակի գործառույթների փոխանցմամբ այլ նախարարությունների, բայց այդ պրոցեսը ամբողջովին թափանցիկություն է պահանջում և այդ թափանցիկությունն է միակ երաշխիքը, որ քաղաքացիները վստահ լինեն, որ իրենց աշխատանքից չեն ազատի կրկին ուղղորդվելով խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով, ինչպես նախկինում եղել է: Հստակ պետք է կանոններ սահմանվեն, թե ինչպես են ընտրվելու այն մարդիկ, ովքեր շարունակելու են աշխատել և ովքեր են ազատվելու աշխատանքից և պետությունը ինչ պատասխանատվություն է վերցնելու իր վրա աշխատանքից ազատված քաղաքացիների համար»: Նշենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունում ներկայացվում է պետական համակարգում աշխատող 10 հազար քաղաքացիների կրճատման հիմնավորումների մասին։ Գրությունում մասնավորապես նշված է. «Անգամ, եթե մոտ 10 000 հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողները դառնան գործազուրկ, ապա դրանից շահելու է Հայոց պետականությունը...»: Պատգամավորին հետաքրքրեց, կառավարությունը ուզում է քիչ աշխատավարձ տալ, խնայելով պետական միջոցնե՞րը, ապա սա չի բերի տնտեսական հեղափոխության: «Կողքից նայող մարդ, տեսնում եմ, որ ուղղակի մեխանիկական 10 000 հոգու աշխատավարձ փորձում է խնայել պետությունը, ինչը շատ սխալ ու անթույլատրելի մոտեցում է»: Մանրամասն՝ տեսանյութում: