Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ պատգամավորն առաջարկում է Գյումրիում ստեղծել ազատ տնտեսական գոտի

Քաղաքականություն
sergeytiko

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց Մեղրու ազատ տնտեսական գոտու վերաբերյալ՝ ընդգծելով, որ ի սկզբանե այդ գոտում պետք է ներգրավվեր 100-ից 150 միլիոն դոլարի ներդրում, նախատեսված էր արտասահմանյան ներդրողների ներգրավում, 50-70 շահառու կազմակերպությունների գործունեություն, 1500 աշխատատեղի ստեղծում։ «Հետաքրքրվելով բոլոր հնարավոր միջոցներով՝ չկարողացանք որևէ տեղակատվություն ստանալ, թե այս պահին Մեղրու ազատ տնտեսական գոտին ինչո՞վ է զբաղված, ի՞նչ գործունեություն է ծավալում, ի՞նչ արդյունք ունենք և ի՞նչ ակնկալիք ունենք»,- շեշտեց Բագրատյանը՝ միաժամանակ առաջարկելով ազատ տնտեսական գոտի կազմակերպել Շիրակի մարզի տարածքում՝ մասնավորապես Գյումրիում։ «Դա մեծապես կնպաստի Հանրապետության երկրորդ քաղաքի զարգացմանը և երկրորդ կենտրոնի քաղաքական  և տնտեսական իմաստով կարևոր մի առաքելության իրականացմանը՝ հենց տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից»,- կարևորեց Բագրատյանը։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հիշեցրեց, որ Մեղրու ազատ տնտեսական գոտու հետ կապված որոշումը կայացվել է 2017 թվականի աշնանը և այդտեղ գործունեություն ծավալելու համար նախատեսված շենքը զբաղեցնում է 18 հազար քառակուսի մետր տարածք։ «Դա իր չափով առաջին փուլն էր և նախատեսում էր, որ պետք է տեղի ունենան հետագա ընդլայնումներ»,- նշեց նախարարը։ Իսկ շենքի մոտակայքում գտնվող հողամասերը պատկանում են մասնավոր անձանց։ Եվ այդ հողամասերը ներգրավելու համար տնտեսական գոտու տարածքի մեջ անհրաժեշտ է սեփականատերերի համաձայնությունը, որը դեռևս ձեռք չի բերվել։ Խաչատրյանի խոսքով՝ այս պարագայում անհրաժեշտ է դարձել օրենքով սահմանված կարգով գործադրել մեխանիզմներ, այդ թվում՝ հանրային գերակա շահ ճանաչելու միջոցով, որի իրավական ընթացակարգը որոշակի ժամանակ է պահանջում։ Գյումրու պարագայում Տիգրան Խաչատրյանն ասաց, որ նախկինում քննարկում եղել է մի կազմակերպության մասով, որն օդանավակայանից ոչ հեռու գտնվող տարածքում նախատեսում էր լոգիստիկ կենտրոնի ստեղծման ներդրումների ծրագիր, եղել է քննարկում, սակայն որևէ էական առաջընթաց չի գրանցվել։ Իսկ հետագայի համար նախարարը նշեց, որ եթե Գյումրու հետ կապված առաջարկ լինի, ապա տեղական ինքնակառավարման մարմինների հետ կքննարկեն։