Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՛չ ԱԱԾ-ն է այդ հարցը որոշում, ո՛չ վարչապետը, ոչ՛ էլ կառավարությունը. Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nik-1

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ հարցուպատասխանի ընթացքում նշեց, որ թավշյա հեղափոխությանը հաջորդած 10 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիները սպասում էին, որ նախկին իշխանության հետ ասոցացվող օլիգարխների, պաշտոնյաների ավելի լայն շրջանակ պիտի կանչվի պատասխանատվության, կանգնի դատարանի առջև, մինչդեռ, պատկան մարմինները ընդամենը մի քանի անուն են շրջանառում։ «Ինչո՞ւ են մինչ օրս տեղի ունեցած դեպքերը կատարվել ոչ հրապարակային, ոչ թափանցիկ ընթացակարգերով։ Ինչո՞ւ են հանրությունից գաղտնի պահվում, ասենք, մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի՝ պետությանը հյուրանոց նվիրաբերելու կամ միայն հյուրանոց նվիրաբերելու դրդապատճառները։ Ո՞վ և ինչի՞ հիման վրա է որոշել, որ նա կարող է միայն հյուրանոց նվիրաբերելով ազատվել պատասխանատվությունից»,- Բաբաջանյանը հարցն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հավելելով նաև, թե Ալեքսանդր Սարգսյանն ինչո՞ւ պետք է հատկապես 18,5 կամ 30 միլիոն դոլար նվիրաբերի պետությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Բաբաջանյանի նշած շրջանակի ցանկացած մարդ, ում մեղքը կապացուցվի ՀՀ օրենսդրությամբ, պատասխանատվությունից չի խուսափի։ «Բացառվում է, որ կուլիսային ինչ-որ խոսակցություններ տեղի ունենան»,- ընդգծեց Փաշինյանը։ Վարչապետը շեշտեց, որ ինչպես նախկինում է ասել՝ «Հայաստանի ժողովրդից ու պետությունից թալանված փողերը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու են պետական բյուջե»։ Բաբաջանյանը հիշեցրեց վարչապետին Արմեն Ավետիսյանի հայտնի հայտարարությունը՝ հյուրանոցը նվարաբերելու վերաբերյալ և նշեց, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին պարզաբանել էր, որ չի բացառվում, որ նվիրատվությունից հետո նրա նկատմամբ քրեական պատիժը ավելի մեղմ կիրառվի։ «Այսինքն՝ կոնկրետ հայտարարություն է արվել, որ փաստում է այն, որ ինչ-որ պայմանավորվածություններ, այնուամենայնիվ, լինում են»։ Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Խոսք չի կարող լինել որևէ պայմանավորվածության մասին։ Որովհետև, ո՛չ ԱԱԾ-ն է այդ հարցը որոշում, ո՛չ վարչապետը, ոչ՛ էլ կառավարությունը։ Էդ հարցը որոշում է դատարանը»։ Եզրափակեց՝ ընդգծելով, որ աշխարհի բոլոր երկրներում ընդունված է, որ եթե մեղադրյալը կամ ամբաստանյալը ընդունում է իր մեղքը, վերականգնում է հասցված վնասը, համագործակցում է նախաքննական մարմնի հետ՝ քրեական ավելի մեղմ պատիժ է կիրառվում։