A
A
Գազավորված ըմպելիք արտադրողները ակցիա են անում (տեսանյութ)
Գազավորված ըմպելիքի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերությունների աշխատակիցներ հավաքվել են կառավարության շենքի դիմաց։ Նրանց բողոքը ակցիզային նոր հարկման դեմ է։
«Հայ կոլա» գործարանի տնօրեն Տիգրան Հովսեփյանն ասաց, որ ցանկանում են հանդիպել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կամ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ, քննարկելու ԱԺ ներկայացվելիք օրինագիծը, ըստ որի ակցիզային հարկ կկիրառվի ոչ միայն շաքարային, այլ նաև շաքարափոխարինիչներով ըմպելիքների վրա։
Այս պարագայում, ըստ Հովսեփյանի, աշխատատեղերի կրճատումներ կլինեն, իսկ արտադրանքի գինը կթանկանա 30 տոկոսով։ «Օրինակ՝ 200 դրամանոց գազային զովացուցիչ ըմպելիքը կդառնա 260-270 դրամ», - ընդգծեց նա։
Սրանով իսկ, Հովսեփյանի հավաստմամբ, իրենք մեծ թվով սպառողների կկորցնեն և դաշտը կմոնոպոլիզացվի։
Ակցիզային հարկի խնդրով հավաքված գազավորված ըմպելիքների գործարանի աշխատակիցների հետ հանդիպեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ Պատգամավորը նշեց, որ այստեղ գալով է տեղեկացել քաղաքացիների բողոքին և խոստացավ միջոցներ ձեռնարկել՝ նշելով, որ ակցիզային հարկի փոփոխման հետ կապված օրինագիծը դեռևս չի մտել խորհրդարան։ Նա հեռախոսահամար վերցրեց «Հայ կոլա»-ի տնօրեն Տիգրան Հովսեփյանից, որպեսզի այս խնդրի հետ կապված հետագայում կապ հաստատի ակցիայի մասնակիցների հետ։ Տիգրան Հովսեփյանն ասաց, որ հանդիպել են ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հետ, սակայն դեռևս ընդհանուր հայտարարի չեն եկել։ Ժամը 14:30-ին կրկին հանդիպելու են Պողոսյանի հետ։ Եթե այս հանդիպումը սպասված արդյունքը չտվեց, ապա հավաքվածները պատրաստ են օրերով շարունակել իրենց բողոքի ակցիան։ Հովսեփյանի խոսքով ակցիզային նոր հարկի ընդունումը «Հայ կոլա»-ի մոտ 100 աշխատակից գործազուրկ կդառնան։ Ավելի ուշ, «Հայ կոլա»-ի տնօրեն Տիգրան Հովսեփյանը նշեց, որ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հետ հանդիպեցին։ Հովսեփյանի խոսքով քննարկել են կոմպրոմիսային տարբերակ, ըստ որի՝ ոչ պետությունը կտուժի, ոչ էլ արտադրողը։ Նա մանրամասներ չներկայացրեց ֆինանսների նախարարի հետ տեղի ունեցած խոսակցությունից, սակայն նշեց, որ Արման Պողոսյանն իր հեռախոսահամարն է փոխանցել։ «Վաղը կզանգենք ու կիմանաք, թե կառավարությունն ինչ է առաջարկում», - ընդգծեց նա՝ հավելելով, որ վաղվա պատասխանից կախված կլինի իրենց հետագա գործողությունները։