Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործազրկության նոր ալի՞ք է բարձրանում. բողոքի ակցիա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
serg-2

Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները ստորագրահավաք են իրականացնում կառավարության շենքի մոտ։ Նրանք իրենց առարկություններն են ներկայացրել Կենտրոնական բանկի կողմից կառավարության ուղղված օրենսդրական նախագծի դեմ:

Բողոքի ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ ՀՀ կառավարությունը «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի՝ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) դրամ պետական տուրք: Արդյունքում՝ ՀՀ-ում գործազրկության նոր ալիք կբարձրանա, իր հանապազօրյա հացից կզրկվի ոլորտի ավելի քան 1 300 աշխատակից՝ մարզերում և Երևանում, տարեկան ավելի քան 900 միլիոն դրամ հարկ չի վճարվի պետական բյուջե, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքար որդեգրած կառավարությունը ոլորտում զարկ կտա մոնոպոլ դիրքի արմատավորմանը:

Հայաստանի ֆինանսավարկային կազմակերպությունների խորհրդատվական կենտրոնի նախագահ Հրանտ Նալբանդյանը ասաց, որ ստորագրություններով նամակը հասցեագրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Վարչապետին ուղղված նամակները գրավատների և փոխանակման կետերի տնօրենները նաև կնքել են իրենց ՍՊԸ-ների կնիքներով։

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց միշտ էլ հետաքրքրել են հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունները և հնարավորության դեպքում պատրաստ են աջակցել ակցիայի մասնակիցներին:

Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների կողմից ստորագրված ու կնիքված, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված դիմում-նամակը փոխանցվեց կառավարությանը։