Հայտարարությունը և մտահոգիչ է, և ոչ. Վլ. Վարդանյան (տեսանյութ)
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի համոզմամբ՝ օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձել են ամփոփել մինչև թավշյա հեղափոխությունը ունեցած օրակարգը և քննարկել են այն հարցերը, որոնք բարձրացված են եղել այն ժամանակ։ Պատգամավորի կարծիքով, հայտարարությունը պետք է գնահատել որպես փաստ։ «Հայտարարությունը Դրական է այն առումով, որ կողմերին ևս մեկ անգամ կոչ է անում հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, բացառապես ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների հիման վրա»։ Վլադիմիր Վարդանյանը համոզված է, որ հայտարարությամ մեջ չկա որևէ դրույթ, որը կխոչընդոտի Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությունը։ «Հայտարարությունը և մտահոգիչ է, և ոչ։ Մտահոգիչ է, որովհետև, կարծես թե լրացուցիչ լարվածություն է ստեղծել, և մտահոգիչ չէ, որ շատ դրական է, որ Մինսկի խումբը խոսում է, և մենք գիտենք, որ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում քննարկումները շարունակվում են»։ Պատգամավորը հիշեցնում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել, որ բանակցային սեղանի շուրջ պետք է վերադառնա նաև Արցախը։ «Մենք չպետք է նաև մոռանանք, որ խոսքը միայն տարածքային վեճի, այլև ժողովրդի ինքնորշման իրավունքի իրականացման մասին է։ Եվ եթե մենք ուզում ենք հարատև կայունություն, խաղաղություն և ըստ էության, բոլորի համար ընդունելի որոշում է, ուրեմն պետք է նաև հաշվի առնենք Արցախի բնակչության ձայնը։ Որևիցե մեկը իրավունք չունի այդ ձայնը օգտագործել և փորձել լուծումներ գտնել հաշվի չառնելով այդ տարածքում բնակվող ժողովրդի իրավունքները»։