Հայաստանում հող հանձնող չկա, Ադրբեջանում էլ Արցախը դեռ ճանաչող չկա. Մարուքյան (տեսանյութ)
«Բանակցությունները կարող են շարունակվել, բայց մեծ հաշվով դրանք պտուղ չեն տա, որովհետև պտուղ կարող էին տալ, եթե լինեին այնպիսի բանակցություններ, որտեղ կմասնակցեին բոլոր կողմերը»-, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Բանակցությունները պարտադիր են երկու կողմերի համար էլ , դրանք պետք է շարունակվեն: «Կարծում եմ, բոլորին պարզ է, որ Հայաստանում հող հանձնող չկա և նաև պարզ է, որ Ադրբեջանում էլ Արցախը դեռ ճանաչող չկա: Պետք է շարունակել բանակցել: Ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան իրար վրա կրակելը»: Պատգամորը հավելում է, Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումից շատ բան պետք չէ սպասել: «Պետք է սպասել միայն չսրացում և բանակցությունների շարունակություն»: Պատգամավորը անդրադառնալով նաև Կառավարության կառուցվածքի փոփոխությանը նշեց, որ իրենց խմբակցությունը առաջարկելու է այլընտրանքային առաջարկություն: «Այն միտված է լինելու մի քանի նախարարություններ պահպանելուն և այն համակարգը, որի դեմ մենք բոլորով պայքարել ենք, այդ համակագը վերափոխելուն: ԱԱԾ-ն , Ոստիկանությունը և ՊԵԿ-ը պետք է վերադառնան Կառավարության կառուցվածք՝ նախարարությունների տեսքով»: Պատգամավորը նաև նշեց, որ Գյուղատնտեսության նախարարության միացումը Էկոնոմիկայի նախարարությանը՝ ճիշտ մոտեցում չէ: «Գյուղատնտեսության նախարարությունը պետք է լինի և գյուղատնտեսությունով պետք է կոնկրետ զբաղվեն և կոնկրետ այդ ոլորտի հետ սպեցիֆիկ աշխատող մարմին է պետք»: Էդմոն Մարուքյանը հավելեց, որ Կառավարությունը դեռ թիվ չի ներկայացրել, թե քանի հոգի է կրճատվելու: «Կարծում եմ, որ բուռն քննարկումներ ենք ունենալու կառուցվածքի հետ կապված թե՛ հանձնաժողովներում, թե՛ պլենար նիստում»: