Կառավարությունը լուրջ նպատակներ ունի կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու հարցում
Նախարար Զեյնալյանը միջազգային փորձագետների հետ քննարկել է հակակոռուպցիոն արդյունավետ մարմին ունենալուն առնչվող հարցեր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 11-ին ընդունել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հակակոռուպցիոն ցանցի փորձագետներ Վալց Կալնինշին և Ռուսլան Ռյաբոշապկային: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, այլք: Նախարար Զեյնալյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը լուրջ նպատակներ ունի կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու հարցում, և այդ նպատակին հասնելու համար փորձագիտական ու մասնագիտական աջակցության անհրաժեշտություն կա: Հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են եվրոպական մի շարք երկրներում գործող հակակոռուպցիոն տարբեր մարմիների դրական և բացասական կողմերը, ռիսկերն ու առավելությունները, ինչպես նաև իրենց պատրաստակամությունն են հայտնել փորձագիտական կարծիքով օժանդակելու ՀՀ կառավարությանը հակակոռուպցիոն արդյունավետ մոդելի ընտրության հարցում: Քննարկման ընթացքում Ռուսլան Ռյաբոշապկան նշել է, որ իր գործընկերոջ հետ ունեն ընդհանուր կարծիք, ըստ որի՝ ցանկացած երկրի համար հակակոռուպցիոն ունիվերսալ (սուպեր) մարմին ունենալը ռիսկային է: Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ քննարկման համար և համագործակցությունն ու փոխադարձ շփումներն առավել ակտիվացնելու պատրաստակամություն է հայտնել: Նշենք, որ փորձագետները Հայաստան են ժամանել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հրավերով: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն