Այս զորավարժությունները հենց այսպես չեն անցկացվում. ռազմական փորձագետ (տեսանյութ)
Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովի խոսքով՝ Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժություներն աննախադեպ չեն։ Ըստ Վարդանովի՝ եթե նախկինում 500, 1000 էր հասնում զորավարժություններին մասնակցող զինվորների թիվը և ժամանակին 10 հազար էլ է եղել, ապա 15 հազարն էլ նախադեպային չէ, իսկ հիմնական տարբերությունը տեխնիկական միջոցներն են, որ նախկինում թշնամին չի ունեցել։ «Հարձակվողական սցենարով են տեղի ունենում զորավարժությունները։ Նոր դիրքեր են վերցնում ըստ այդ սցենարի։ Հետո մեր հակահարվածը կանգնեցնում են և նորից առաջ են գնում, նոր դիրքեր են վերցնում։ Մոտավորպես այսպիսի սցենար, որը որ իրական պատերազմական իրավիճակների մեջ եղել է, 2016 թվականի ապրիլին»,- շեշտում է Վովա Վարդանովը։ Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը, սակայն, այն կարծիքին է, որ ադրբեջանական կողմի այս զորավարժություններն աննախադեպ են։ «Նախ զարգացած աշխարհաքաղաքական իրավիճակը շատ բաների մասին է խոսում, որ այս զորավարժությունները հենց այսպես չեն անցկացվում»,- նշում է նա։ Այս զորավարժություններում, Համբարձումյանի փոխանցմամբ, մասնակցող ադրբեջանական հաշվարկների առջև ավելի մեծ խնդիր է դրված. իրենք են հայտնաբերում, իրենք էլ խոցում են պայմանական թշնամու թիրախները։ «Թիրախները, որոնք զորավարժարանում խոցվել են, ստեղծված են հայկական դիրքերի կրկնօրինակման տարբերակով»,- ընդգծում է ռազմական փորձագետը։ Վարդանովը հակադարձում է՝ ասելով, որ դա բնական է և եթե աննախադեպ է, ցանկացած բան կարելի է աննախադեպ համարել։ «Հասկանո՞ւմ ես ինչն է խնդիրը։ Մեր բնակչությանը մեդիադաշտը, ուզենալով, նաև չուզենալով հանդերձ, վախացնում է աննախադեպ բառով։ Իմանանք ռեալը, ոչ թե ասենք աննախադեպ»,- շարունակում է Վարդանովը՝ դիմելով Վան Համբարձումյանին։