Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը պետք է իմանա, որ Հայաստանն իրավունք ունի աշխատել ՆԱՏՕ-ի հետ. քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
stepan-1

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ Հայաստանը  թավշյա հեղափոխությունից հետո ՆԱՏՕ-ի հետ պետք է ավելի ակտիվ աշխատի: «Ոչ ոք չի խոսում անդամակցության մասին, բայց, երբ որ դու քո անվտանգությունը մեկի հետ կապում ես, դուք գիտեք՝ ինչ պրոբլեմներ են առաջանում: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, ես կասեի՝ կփոխլրացնի մեր այլ համագործակցությունները»: Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի նոր կառավարությունը  նոր  գործընկեր չի փնտրում եւ չի ուզում փոխել   Ռուսաստանի հետ. «Ես այդ տենդենցը չեմ տեսնում, բայց Ռուսաստանը Հայաստանի ցանկացած քայլ ցավոտ է ընկալում: Մեկ-մեկ իրենք ասում են՝ ինչու եք շնչում: Ես անձամբ լսել եմ, ասում են՝ ինչու եք դուք ազատ շնչում:  Ուրեմն, եթե մենք միայն Ռուսաստանի վրա հենվելով շարժվենք, էդ դեպքում բան էլ պետք չէ անել: Մենք պետք է շարժվենք մեր շահերով, բայց Ռուսաստանը պետք է իմանա, որ Հայաստանն իրավունք ունի աշխատել ՆԱՏՕ-ի հետ, այլ պետությունների հետ: Բացի դրանից, այդ համագործակցությունը շատ կարեւոր է, որ Ռուսաստանը հասկանա, որ այլ հարցերով իրենք մեզ չեն կարող դավաճանել, իրավունք չունեն: Եթե դավաճանեն՝ մենք այլընտրանք կսկսենք փնտրել»,-ասաց քաղաքագետը: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը քաղաքագետը տեսնում է Զինված ուժերում, կապի ոլորտում: «Մեր բանակին պետք է աջակցություն՝ կապի ոլորտում: Կապի ոլորտի հետ կապված ես կասկած չունեմ, որ Ռուսաստանը չի կարող ինչ որ դժգոհություն ունենալ, կապի ոլորտը մեզ համար շատ կարեւոր է՝ 2016թ  ապրիլյան իրադարձություններից հետո: ՆԱՏՕ-ի հետ գիտության ոլորտում եւ հումանիտար ոլորտում կարող ենք մեր համագործակցությունը խորացնել: Այստեղ ոչ մի խնդիր չկա նույնիսկ Ռուսաստանի համար: ՆԱՏՕ-ն հզոր գիտության ծրագրեր է իրականացնում տարբեր երկրների հետ, կաջակցի մեր գիտնականներին: Ահաբեկչության դեմ պայքար է տանում ՆԱՏՕ-ն: Ես հիմա չեմ շոշափում ռազմատեխնիկական հարցեր, որ չասվի՝ Ռուսաստանը ցավոտ կընկալի: Ես կասկած չունեմ, որ այդ պլանները կան, ՆԱՏՕ-ն կարող է նաեւ փորձագետներով մեզ աջակցել»,-«Ա1+»-ի հարցին պատասխանելով ասաց Ստեփան Գրիգորյանը: