Քաղաքացու օրը չֆիքսեցին՝ թողնելով հաջորդ կառավարությանը (տեսանյութ)
Այսօր կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած «Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի»: «Սա ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի եւ պիտի դառնա իրոք ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին է՛ր բուն հեղափոխությունը»,- Ֆեյսբուքյան իր էջում նիստից հետո գրել է Նիկոլ Փաշինյանը: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իսկ թե հատկապես ինչպես է պետք նշել այդ օրը՝ կարծում եմ պիտի որոշվի նաեւ հանրային, համացանցային քննարկումների արդյունքում: Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նիստից հետո անդրադարձավ այս նախագծին. «Քաղաքացու օրը Անկախության տոնից հետո՝ երկրորդ ամենահիշարժան օրն է մեր նորանկախ պետության պատմության ընթացքում»։ Նախարարը նշեց՝ կառավարությունն արձանագրում է այդ, բայց միեւնույն ժամանակ չի ֆիքսում կոնկրետ օր. «Կոնկրետ օրը ֆիքսելու անհրաժեշտությունը, եթե հաջորդ կառավարությունները կամ տարիներ անց որեւէ կառավարություն կցանկանա նոր կֆիքսի»,-նշեց նախարարը: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ նաեւ Ավշարի միջնակարգ դպրոցի՝ մարտի 12-ից չդադարող դասադուլին ու գործադուլին: Նախարարը ասաց, որ յուրաքանչյուր մարմին ունի իր լիազորությունները և պետք է իրականացնի այդ լիազորությունները: «Երբ տեսնում ենք, որ լիազոր մարմինը չի իրականացնում իր գործառույթները և դժվարություններ ունի, այդ ժամանակ ենք միջամտում: Մենք արդեն երեք օր է՝ աշխատում ենք այնտեղ: Պետք է այդ ամեն ինչը անենք՝ չխախտելով մեր աշակերտների կրթության իրավունքը, իսկ էնտեղ ոնց որ թե բոլորը փորձում են խախտել մեր աշակերտների կրթության իրավունքը եւ մենք հիմա դա պետք է վերականգնենք»,-ասաց նա։