ՄԻԵԴ-ը հետաձգել է Մանվել Գրիգորյանի գործով հարցի քննությունը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հետաձգել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը։ Այդ մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության պաշտոնական կայքէջը։ Ըստ կայքէջի, մարտի 22-ին ՄԻԵԴ ստացված գրությամբ Հայաստանի կառավարությունը տեղեկացվել է, որ 2019 թվականի մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը՝ դիմելով Եվրոպական դատարան, խնդրել է, որ վերջինս, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով Հայաստանի իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև վերջինիս անհապաղ տեղափոխել Ֆրանսիայում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով: Մարտի 22-ին Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ պահանջելով Հայաստանի կառավարությունից մինչև սույն թվականի ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն: «Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր նշված տեղեկատվությունը հավաքագրելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևավորելու և սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար», - ասված է հաղորդագրությունում: