Պարծենալու է, որ արհեստական մենաշնորհների դերը կտրուկ նվազել է. Հայկ Գևորգյան (տեսանյութ)
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին ներկա Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցում է Կառավարության ծրագրի կատարման, ընթացքի և արդյունքների մասին։ Նախարարը նկատեց ՝ ստվերի դեմ պայքարում ցուցանիշները կարևոր են։ «2018 թ. ընթացքում իրականացվել են ավելի քիչ ստուգումներ, ավելի քան 16% -ով, և յուրաքանչյուր ստուգման ժամանակ արձանագրվել է մոտ 87% -ով ավելի ցուցանիշ, քան նախորդ տարվա ընթացքում։ Սա նշանակում է, որ պետական կառավարման համակարգում կառույցը գործում է ավելի արդյունավետ, թիրախավորում է հատկապես այն ուղղությունները, որտեղ պետք է վերականգնել հավասար մրցակցային իրավիճակը»։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Արտակ Ծառուկյանին հետաքրքրեց՝ ինչո՞ւ 8 ամիս է Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին նախագիծը Ազգային ժողով չի հասնում։ Տիգրան Խաչատրյանը նկատեց՝ Կառավարությունը փորձում է բոլոր տեսակետներին ծանոթանալ, նոր այն ուղարկել ԱԺ։ «Մենք աշխատում ենք այստեղ գալ այնպիսի փաթեթով, որը որքան հնարավոր է հղկված է, հաշվի է առնված բոլոր տեսակետները»: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գևորգյանը դիմելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին նկատեց՝ պարծենալու է, որ անցյալ տարվա ընթացքում արհեստական մենաշնորհների դերը կտրուկ նվազել է, բայց խոշոր գործարարների մոտ կան լծակներ, որոնք ճնշում են իրենց մրցակիցներին։ «Օրինակ՝ թթվասերի տեսակ կա, որը սուպերմարկետում վաճառվում է 380 դրամով, իսկ փոքր խանութում նույն արտադրողը 450 դրամով է վաճառում։ Այստեղ անելիք կա՞»։ Նախարարը դժվարացավ պատասխանել, թե ո՞րն է այստեղ լավ լուծումը, բայց նշեց. Հասկանում եմ, որ կարող են լինել նման իրավիճակներ և հավանական է, որ փոքր տնտեսվարողների վկայակոչված թթվասերի դեպքը միակը չէ։ Աշխարհում կա մոտեցում, որ խոշոր խանութներին արգելում են շաբաթ և կիրակի օրերին վաճառք իրականացնել, որպեսզի փոքր խանութները կարողանան փոխհատուցել իրենց մասշտաբի անհարմարությունները։ Մեր նպատակն է լինելու առաջարկել այնպիսի մոտեցում, որը մի կողմից փոքր տնտեսվարողին պաշտպանում են նման անհավասար իրողությունից, բայց մյուս կողմից նաև հավասարակշռել մոտեցումները, որպեսզի միշտ որակը բարձրացնելու և ծառայությունների բնագավառում սպառողի համար հարմարավետ ու որակյալ ծառայություն մատուցելու պահանջը չհանեն նաև փոքրերից»։