Քոչարյանի գործով քննիչը թույլ չտվեց իրեն նկարահանել (տեսանյութ)
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը։ Նիստը դռնբաց է, սակայն քննչական խմբի ղեկավարը և դատախազը պահանջեցին, որ բողոքի քննությունը անցնի դռնփակ՝ հավելելով, որ նախաքննության գաղտնիության վերաբերյալ նյութ կա, որի հրապարակումը կառաջացնի գաղտնիության սկզբունքի խախտում։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ իր բողոքը չի պարունակում այնպիսի տվյալ, որը ենթադրում է նախաքննության ընթացքում ձեռք բերված որևէ ապացույցի հրապարակում։ Քննարկելուց հետո դատարանը որոշեց՝ նիստը կանցնի բաց, բայց հաշվի առնելով քննիչի այն խնդրանքը, որ չի ցանկանում տեսանկարահանվել, արգելվեց ԶԼՄ-ներին նրան տեսանկարահանել։ Դատավորը նաև հավելեց, ինքն էլ լարվում է տեսախցիկների առկայությունից, ուստի որոշեց, որ ԶԼՄ-ները հնարավորություն կունենան տեսաձայնագրել միայն առաջին 10-րոպեն, բայց կարող են նիստը ամբողջովին ձայնագրել։ Դատական նիստը հետաձգվեց, քանի որ քննիչը նոր նյութեր ներկայացրեց։ Դատավորին ժամանակ էր պետք դրանց ծանոթանալու համար։ Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 11-ին։