Բակո Սահակյանը հիշեց վարչապետի այցը Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին: Ուղերձում ասված է. «Հարգարժա՛ ն տիկին Բերեջիկլյան, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու կապակցությամբ։ Ձեր բարձր պրոֆեսիոնալ եւ մարդկային որակները, գիտելիքներն ու հմտությունները հանդիսանում են այն կարեւոր հիմքը, որը թույլ է տալիս Ձեզ արդյունավետորեն իրականացնել այդ բարդ ու պատասխանատու ծառայությունը։ Ես առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում Ձեր այցելությունն Արցախ, մեր հանդիպումներն ու քննարկումները: Մենք հպարտանում ենք, որ ունենք Ձեզ նման հայրենակից, ով անկեղծ հարգանք ու վստահություն է վայելում Ավստրալիայում եւ աշխարհասփյուռ հայության շրջանում: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ աշխատանքում եւ անձնական կյանքում։»։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ