ՄԻՊ ազգային ռազմավարություն է մշակվում
Մեկնարկել են ՄԻՊ ազգային ռազմավարության և դրանից բխող նոր՝ 2020-2022թթ. միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքները: Ծրագիրը ներդաշնակեցվելու է ԵԽ-ի կողմից Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ ծրագրի առաջնահերթությունների հետ: «Այս գործընթացն առավել ներառական դարձնելու նպատակով սերտ համագործակցում ենք բոլոր շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որն այսօր մասնակցել է «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ամփոփմանը: Նախարարը, շնորհակալություն հայտնելով Միացյալ Թագավորության կառավարությանը՝ ծրագրի ֆինանսավորման և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակին՝ ծրագրի պատշաճ իրականացման համար, հույս է հայտնել, որ ԵԽ-ն կշարունակի հետևողական աջակցել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը: