Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սադրանք` ՀՀ բանակցային դիրքերը թուլացնելո՞ւ նպատակով

Քաղաքականություն
sahman3

Մի քանի ժամ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ Ադրբեջանի կողմից փորձ է եղել մոտեցնել դիրքերը Տավուշի մարզի Բերդավան գյուղի մերձակայքում.հայկական կողմի ետ քաշվելու զգուշացումներին ադրբեջանական կողմը կրակով էր պատասխանել։ Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Արցախի հետ շփման գծում լարված իրավիճակ է եղել և որ Ֆիզուլիի կողմից արձակված գնդակից ադրբեջանցի զինվոր է մահացել։ Ինչպես նաև ադրբեջանական ՊՆ-ն անդրադարձել էր ժամեր առաջ Տավուշի հետ շփման գծում տեղի ունեցած միջադեպին՝ մեղքը բարդելով հայկական կողմի վրա։ «Իրականում եթե նայենք՝ 2018 թվականի օգոստոսից սկսած Ադրբեջանն արդեն նախապատրաստվում էր Տավուշի սահմանակից շրջանների առաջնագիծ դիրքերի պաշտպանության փոխանցմանը սահմանապահ ծառայության զորքերին», - նշեց փորձագետը։ Ադրբեջանական կողմից՝ Ղազախի և Ախստաֆայի շրջանների սահմանին, իսկ հայկական կողմից՝ Տավուշի մարզի սահմանին, շփման գծով մարտական հերթապահությունն իրականացնող սահմանապահ ծառայության ստորաբաժանումները դեռ ավելի շուտ էին սկսել ինժեներական աշխատանքները և նախկինում էլ էին միջադեպեր գրանցվել։ Իսկ այսօրվանը, ըստ Հովհաննիսյանի, տրամաբանական շարունակությունն է. «Այսինքն՝ իրենք շարունակում են ամրացնել իրենց դիրքերը»: Փորձագետն այն կարծիքին է, որ միջադեպը կապված է նաև ԼՂ հակամարտության բանակցային գործընթացով զարգացումների հետ`    հիշեցնելով, որ Դուշանբեում Փաշինյանի և Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպման օրերին լարվածութունը համեմատաբար նվազել էր, որը պահպանվեց մինչև 2019 թվականի փետրվար-մարտ ամիսները։ Իսկ երբ որ պարզ դարձավ, որ Հայաստանը միակողմանի զիջումների չի գնալու, նաև բանակցային գործընթացում Արցախի ներգրավման անհրաժեշտությունն է ընդգծվում, ըստ նրա, հակառակորդը սկսեց դիմել սադրանքների։ «Ադրբեջանը շարունակելու է ճնշման տարբեր միջոցներ գործադրել, քանի դեռ Հայաստանն իր դիրքերը պահում է։ Հայաստանը պետք է շարունակի իր դիրքորոշումը՝ միաժամանակ ապահովելով բնակչության, պետության սահմանների անվտանգությունը», - եզրափակեց Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ առաջիկայում սպասվում է Փաշինյան-Ալիեւ հանդւպում։