«Սասնա Ծռերի» դատը շարունակվում է. աջակիցները ակցիա են անում դատարանի դիմաց (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբի տասն անդամների գործով հերթական նիստը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։ Գործով տուժող ճանաչված Սարգիս Գրիգորյանը իր ցուցմունքի սկզբում նշեց, որ ինքն իրեն տուժող չի ճանաչում։ ՊՊԾ գնդի գրավման օրերին նրա մեքենան եղել է գնդի մոտակայքում, որն իր իսկ խոսքով՝ թեթև վնասվածք է ստացել. մեքենայի արգելակային լուսարձակն էր վնասվել։ Դատավոր Մակյանի այն հարցին, թե որպես նյութական վնաս կրած անձ, որևէ կասկած ունի, թե ում կողմից է վնասը կրել, պատասխանեց, որ ոչ։ Իսկ այն հարցին, թե որևէ պահանջ ունի որպես վնաս կրած անձ, ի պատասխան ասաց, որ անլուրջ կլիներ որևէ պահանջ ներկայացնելը։ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանն իր ցուցմունքում ասաց, որ դեպքի վայր է ժամանել Զվարթնոց օդանավակայանից, երբ ծառայակիցներից զանգահարել և տեղեկացրել է ստեղծված իրավիճակի մասին։ Հրեշտակների գումարտակի նախկին հրամանատար Խաչատրյանն ասաց, որ այլևս ոստիկանական կառույցում չի աշխատում: Նա նշեց, որ գալով գնդի տարածք հայտնաբերել է, որ չհրկիզվող պահարանում իրեն պատկանող 3500 ԱՄՆ դոլար, ևս 340 հազար դրամը տեղում չեն։ Գումարը, նախկին ոստիկանի փոխանցմամբ, ձեռք էր բերել մեքենայի վաճառքից՝ հավելելով, որ գումարն այնուհետև հայտնաբերել է գնդի տարածքում բոլորովին այլ տեղ։ Հետագայում այդ գումարները հայտնաբերվել են գնդի տարածքից: Գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանի այն հարցին, թե հիշում է՝ ինչպես էին ոստիկաններն իր գլխավորությամբ փողոցներում ծեծում ՀՀ քաղաքացիներին, ի պատասխան տուժողը հարցադրում արեց, թե «Սասնա ծռերը» հիշում են, որ վերջինների ճակատներին արյունով գրված է Գագիկ, Յուրիկ, Արթուր՝ նկատի ունենալով ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկաններին։ Արմեն Բիլյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանն այն հարցին, թե արյունով ինչ է գրված եղե՞լ, ոստիկանության նախկին աշխատակիցը չպատասխանեց։ Դատավոր Մակյանը, Փոստանջյանի՝ որոշ հարցերն ուղղված Խաչատրյանին, գնահատեց գործի հետ կապ չունեցող, ինչին շարունակ առարկեց Փոստանջյանը, իսկ դատավորն ի պատասխան նկատողություն հայտարարեց Փոստանջյանին։ Նիստին զուգահեռ «Սասնա ծռեր»-ի աջակիցները ակցիա են իրականացնում դատարանի դիմաց։