Լեւոն Երանոսյանի գործն արդեն դատարանում է
ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ՀՀ Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի գործն արդեն ուղարկվել է դատարան։ Այն մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու մեջ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ: Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ Լեւոն Երանոսյանը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում եւ ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով: Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ, կիրառման համար թույլատրելի նույն չափանիշների խախտմամբ, Լեւոն Երանոսյանը ցուցարարների նկատմամբ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով ցույցի մասնակիցներից ևս 6–ը ստացել են մարմնական վնասվածքներ: Առաջադրված մեղադրանքում Լեւոն Երանոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Լեւոն Երանոսյանի նկատմամբ ստորագրությունն է ընտրվել որպես խափանման միջոց։