Ստեփանակերտից ողջունում են՝ Արցախի մասնակցության մասին հիշեցնելով
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության հայտարարությունը «Ազատ հայրենիք» կուսակցությունը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մարտի 29-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած առաջին պաշտոնական հանդիպումը: Համոզված ենք՝ քաղաքական երկխոսությունը կարևոր նախապայման է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծմանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար: Այս առումով մենք բարձր ենք գնահատում հանդիպման ընթացքում հրադադարի ռեժիմի պահպանման վերահաստատումը և հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման պայմանավորվածության ձեռքբերումը, որը հստակ արձանագրվել է այդ առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ տարածած հայտարարության մեջ: