Արցախի պետական ներկայացուցիչները պետք է մաս կազմեն բանակցություններին. Ր. Հովհաննիսյան (տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հույս ունի, որ երիտասարդների ներգրավումը, կուսակցության թարմացված վարչակազմի պարագայում քաղաքացիները կտեսնեն ավելի գործունյա «Ժառանգություն», իսկ կուսակցությունում իր հետագա գործունեությունը քաղաքական գործիչը կշարունակի որպես խորհրդի համանախագահ ու շարքային անդամ։ Մինչ Ժառանգության այս համագումարը վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ կապված Հովհաննիսյանն ասաց, որ մասնավոր այցով արտասահմանում է և կուսակցությունում անդամակցությունը կշարունակի որպես շարքային անդամ։ Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հիմնախնդրին՝ քաղաքական գործիչն ասաց, որ նոր իրողություններում Մադրիդյան սկզբունքները չպետք լինեն դիվանագիտական օրակարգում՝ հավելելով, որ Հայաստանը պետք է հստակեցնի, թե ինչպես է դիտարկում Արցախը. «Որպես Հայաստանի՞ մաս, թե՞ որպես անկախ պետություն։ Դրանից կբխեն արդեն հաջորդ քայլերը»։ Անկախ նրանից, թե ինչ սկզբունքի հիման վրա լինի հակամարտության կարգավորումը, ըստ Հովհաննիսյանի, պետք է ընդունելի լինի թե՛ Երևանի, թե՛ Ստեփանակերտի համար։ «Եթե պարոն Ալիևը կանխորոշում է այդ բանակցային գործընթացի արդյունքը՝ ասելով, որ երբեք անկախություն չի լինելու, ուրեմն ժամանակն է, որ Հայաստանն արդեն, իրավակարգ, լեգիտիմ իշխանություն ունենալով, ինքն իր տեսակետը հայտնի, իր ինքնիշխան կարծիքը»,- ընդգծում է նա։ Րաֆֆի Հովհաննիսյանը չի շտապում գնահատական տալ Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ միաժամանակ զորակցություն հայտնելով հայկական իշխանություններին։ Քաղաքական գործիչը հիշեցնում է Ժառանգության դիրքորոշումը, ըստ որի` կողմ են Արցախի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ Մոնտեվիդեոյի կոնվենցիայի հիման վրա։ «Այս հիմնախնդիրն արդեն փաստացի, տարածքի վրա, հողի վրա լուծված է։ Եվ դրա հիման վրա, եթե մենք ուզում ենք իրական, իրավական, դե յուրե որոշում, Արցախի պետական ներկայացուցիչները պետք է մաս կազմեն բանակցություններին»,- շեշտեց նա։ Մանրամասները տեսանյութում.