Անդրանիկ Գրիգորյանը՝«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի պետական Կամերային թատրոնի շենքում այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության հերթական՝ 12-րդ համագումարը: Մասնակցում էին 112 պատվիրակներ, որոնց քվեարկությամբ էլ հաստատվեցին համագումարի օրակարգը, քարտուղարությունը եւ հաշվիչ հանձնաժողովը:
Համագումարի շրջանակում տեղի ունեցան նոր վարչության առաջադրված թեկնածուների, ինչպես նաեւ կանոնադրական, վերստուգիչ հանձնաժողովների անդամների ընտրությունները:
Միաձայն ընդունվեց «Ժառանգություն» կուսակցության 12-րդ համագումարի Բանաձեւը, որի արձանագրմամբ՝ ՀՀ-ում տեղի է ունեցել ձեւով, բովանդակությամբ եւ ընթացակարգով ժողովրդավարական հեղափոխություն, սակայն դեռեւս չի հաջողել իրական ժողովրդավարության տանող իրավաքաղաքական անհրաժեշտ փաթեթի ամրագրումը: Շեշտվեցին անցյալից եկող գերկուսկացականացված իշխանության նյութականացման հնարավոր վտանգները, ինչպես նաեւ որոշվեց նպատակաթիրախ շարունակել աշխատանքը հանուն իրապես ազատ, անկախ ու արդար Հայաստանի քաղաքակրթապես կայացման:
Նոր վարչության կազմում ընտրվեցին տնտեսագետներ Գագիկ Մարգարյանը, Ռշտուն Մարտիրոսյանը, Տաթեւիկ Գամաղելյանը, Ստեփան Վարդանյանը եւ Նուբար Հակոբյանը, մանկավարժներ Անդրանիկ Գրիգորյանը, Մարիաննա Ոսկանյանը, Հայկ Գասպարյանը, Մերի Մաթեւոսյանը եւ Արեգ Մկրտչյանը, բանասեր-լեզվաբան Նարինե Դիլբարյանը, ճարտարապետ Աշոտ Սաժումյանը, մանկաբույժ Հասմիկ Ավետիսյանը, լրագրող Վանիկ Ալեքսանյանը եւ ճարտարագետ Արմենակ Ստեփանյանը:
Ավելի ուշ տեղի ունեցավ նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որտեղ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ՝ Նարինե Դիլբարյանը, քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն