ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ ԿԳՆ-Ի ՓՈԽԱՐԵ՞Ն
Աջակցիր «Ա1+»-ինՍտուգումներ կատարելով մարզի դպրոցներում` Աշխատանքի պետական տեսչության Տավուշի տարածքային կենտրոնը Նոյեմբերյան քաղաքի միջնակարգ 2 դպրոցներում, Բագրատաշենի միջնակարգ եւ ութամյա դպրոցներում եւ այլ հանրակրթական կրթօջախներում հայտնաբերել է թերություններ աշխատակիցների աշխատանքային պայմանագրերում:
Դպրոցները տուգանվել են միջինը 200 հազար դրամի չափով: Աշխատանքային պայմանագրերի այդ օրինակելի ձեւերը, դպրոցների տնօրեննների հավաստմամբ, տրամադրվել են կրթության եւ գիտության նախարարության կողմից եւ յուրաքանչյուր ուսուցիչ դրա համար 200 դրամ է վճարել:
Աշխատանքի պետական տեսչության Տավուշի տարածքային կենտրոնի տնօրեն Սարգիս Մուրադյանը հայտնեց, որ աշխատանքային պայմանագրերում հայտնաբերված թերությունները վերաբերում են աշխատողների իրավասություններին, լիազորություններին եւ այլն: Թե ընդհանուր մարզում քանի դպրոց եւ ինչ չափով է տուգանվել` հարցին պարոն Մուրադյանը հրաժարվեց պատասխանել` ասելով, որ վերադասը իրեն արգելել է դա հրապարակել: Փաստորեն, պետական մի մարմին` աշխատանքի պետական տեսչությունը թերություններ է հայտնաբերում մյուս մարմնի` ԿԳ նախարարության աշխատանքում, եւ արդյունքում տուգանվում են դպրոցները: Որոշ տնօրեններ կարծում են, որ այս կերպ պետական բյուջեն են համալրում:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ