ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ «ԿՌԻՎ»
Աջակցիր «Ա1+»-ինՏավուշի մարզի առաջին ատյանի դատարանում (նստավայրը` Նոյեմբերյան) հուլիսի 9-ին շարունակվում էր Բերդավան գյուղի հուշաղբյուրների գործով դատավարությունը : Գյուղի Գարդուշ հանդամասում բազմաթիվ աղբյուրներ կան, որոնց նախաձեռնողները դրանք կառուցել են ի հիշատակ կյանքից վաղաժամ հեռացած իրենց հարազատների : Այս հանդամասում անտառը փոքր է, աղբյուրները` շատ: Բերդավանցի Աշոտ Ղազարյանը բողոքում է, որ համագյուղացի Զավեն Ղարաքեշիշանը վաղամեռիկ որդու հուշաղբյուրը կառուցել է իր հոր հիշատակին նախկինում կառուցված աղբյուրին շատ մոտ եւ փաստորեն այնտեղ կայանող ավտոմեքենաները խանգարում են, որ մարդիկ օգտվեն իրենց կառուցած աղբյուրից: Բացի այդ, նոր հուշաղբյուրի կառուցումից նվազել է իրենց աղբյուրի ջուրը: Աշոտ Ղազարյանը դատարանից պահանջում է քանդել Զ.Ղարաքեշիշանի կողմից նոր կառուցված աղբյուրը:
Դատարանում Նոյեմբերյանի անտառտնտեսության փոխտնօրեն Գագիկ Աբովյանը ցուցմունք է տվել, որ այս տարածքը անտառտնտեսությանն է պատկանում, որ բոլոր աղբյուրներն էլ անօրինական են, չունեն անհրաժեշտ փաստաթղթեր:
Դատարանը սույն գործով վճիռ կկայացնի հուլիսի 22-ին: Ավելացնենք, որ բոլոր աղբյուրների շրջակայքն էլ աղտոտված է, քանզի պիկնիկ անողները դրանից հետո շշերով, ցելոֆանե տոպրականերով եւ այլն, կեղտոտում են հուշաղբյուրների շրջակայքը:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ