Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՆԱՑԵԼ Է ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ

Մարզեր

Թիվ 2012 ռուսական սահմանպահ զորամասի Ջրափի գյուղում տեղակայված կայազորի նախկին ծառայող Մելիքսեթ Գաբոյանը աշխատանքի էր ընդունվել 1994 թվականին խորհրդային միության անձնագրով: 2004 թ-ին կորցնելով աշխատանքը` չորս տարի շարունակ դիմում է հայկական եւ ռուսական տարբեր ատյաններին` խնդրելով իրեն քաղաքացիություն տալ: Այս ընթացքում, իր բնորոշմամբ, մնալով օդից կախված, Գաբոյանին ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում, որի պատճառով ինքը չի կարողանում հոգալ իր ընտանիքի կարիքները:

Երազգավորս գյուղի բնակիչ Մելիքսեթ Գաբոյանը ռուսական զորամասում աշխատելու տարիներին դիմել է համապատասխան մարմիններին Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու խնդրանքով: Սակայն նրան մերժել են եւ ազատել աշխատանքից: Ունենալով գոյություն չունեցող Խորհրդային միության անձնագիր, Մելիքսեթ Գաբոյանն այժմ չի հանդիսանում ոչ մի երկրի քաղաքացի, ինչի պատճառով չորս տարվա ընթացքում կրել է մեծ դժվարություններ: Երբ դիմել է ռուսական հյուպատոսին քաղաքացիության խնդրանքով, վերջինս պահանջել է փաստաթուղթ, որը կհաստատի Գաբոյանի Հայաստանի հանրապետության քաղաքացի չճանաչվելը:

2008 թվականի հունիսին Գաբոյանը դիմել է Հայաստանի վարչապետին, ով տեղեկացրել է, թե իրեն կպատասխանի ոստիկանությունը: Անձնագրային եւ վիզաների վարչության պետն ընդունել է իրեն, տվել հուսադրող խոստումներ եւ ճանապարհել, բայց քանի որ վերջերս պետն ազատվել է աշխատանքից, Գաբոյանն էլի կորցրել է հույսը:

Մելիքսեթ Գաբոյանը կարծում է, որ այս խնդիրը պետք է քննարկվի համապատասխան մարմիններում, իսկ հարցի չլուծման դեպքում մտադիր է դիմել արտասահմանյան դեսպանատներին քաղաքացիության խնդրանքով:

Գյումրիի «Ցայգ» հ/ը