ԱՅԴՔԱՆ ԳՈՒՄԱՐ ՉՈՒՆԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱռաջիկայում կառավարությունը հանրապետության ութ քաղաքները ճանաչելու է որպես քաղաքաշինության հատուկ կարգավորման ռեժիմի գոտիներ: Դրանց մեջ մտնում է նաեւ Գյումրին` իր պատմական կենտրոնով: Կմշակվեն հատուկ կառուցապատման նախագծեր, ինչն էլ հնարավորություն կտա պահպանել ու զարգացնել 19-րդ դարի ժառանգությունը: Կումայրի արգելոց-թանգարանի հուշարձաններից շատերը վտանգված ու վնասված են, ավելին, դրանց 90 տոկոսը սեփականատեր ունի, ինչն էլ կառավարության ծրագրերի իրականացման համար որոշակի խոչընդոտ է ներկայացնելու:
1800-ականներից ժառանգություն մնացած 1000-ից ավելի կառույցներ ամփոփում ու ամբողջացնում են Կումայրի արգելոց-թանգարանը, որը որպես այդպիսին ստեղծվել ու ճանաչվել է 1980 թվականին՝ նպատակ ունենալով պահպանել հին Գյումրին: Քաղաքի մեջ մի յուրօրինակ քաղաք հանդիսացող կոլորիտային այս շինությունները սակայն խիստ վթարված են, Գյումրու պատմական կենտրոնը աշխարհի առավել վտանգված 100 հուշարձանների ցանկում է: Սակայն կառավարությունում թերեւս չեն հաշվարկել մի բան, որ շենքերից շատերն ունեն սեփականատերեր, եւ այս պարագայում հազիվ թե պետբյուջեից հատկացված գումարներով վերանորգեն մասնավոր սեկտորի կառույցները:
Ինչ կարգով կընտրվեն ու կվերանորգվեն թանգարանային կառույցները, դեռեւս հստակեցված չէ, բայց սեփականատերից մեկ տոկոսն անգամ չի կարողանա նման գումարներ տրամադրել սեփական գրպանից, այս դեպքում միակ լուծումը երկարաժամկետ վարկերի տրամադրումն է, ինչը դժվար է լուծում համարել:
«Ցայգ» ՀԸ
Գյումրի