ԵՐԵՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Աջակցիր «Ա1+»-ինՉնայած ընտրության օրը` հոկտեմբերի 19-ին, թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դիմում բողոք չի ստացել, սակայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով հաջորդ օրը դիմում է ներկայացրել Արմավիր քաղաքի ավագանու թեկնածու Սամվել Ալբերտի Հարությունյանը:
Թեկնածուն ներկայացրել էր վերահաշվարկի պահանջ ` 21/04, 21/05, 21/06, 21/08, եւ 21/15 ընտրական տեղամասերում: Հանձնաժողովը դիմումն ընդունել է եւ որոշել օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում սկսել վերահաշվարկը թեկնածուի պահանջած տեղամասերում:Սակայն թեկնածուն նույն օրը կրկին դիմում է ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով եւ պահանջել դիմումը չքննարկել, հանձնաժողովն էլ բավարարել է թեկնածուի պահանջը:
Հոկտեմբերի 21-ի երեկոյան 18.00-ին, երբ թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը շարունակում էր նիստը, Սամվել Ալբերտի Հարությունյանը եկավ հանձաժողով եւ կրկին պահանջեց հոկտեմբերի 20-ին ներկայացրած առաջին դիմումին ընթացք տալ:
Հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանը հայտարարեց, որ բողոք դիմումների ներկայացման ժամկետն արդեն ավարտվել է, հետեւաբար քննարկման չի կարող դրվել: Գայանե Սուքիասյանը թեկնածուին առաջարկեց նիստի ավարտին վերցնել հանձնաժողովի որոշումը եւ բողոքարկել դատարանում: Այնուհետեւ հանձնաժողովը նիստը հետաձգեց մինչեւ հոկտեմբերի 22 -ին ժամը 10.00: Այսօր թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, շարունակելով նիստը, ամփոփեց ընտրությունների վերջնական արդյունքները: Հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանը ներկայացրեց համայնքներում կայացած ընտրությունների արդյունքները եւ համայնքների նորընտիր ղեկավարներին ու Արմավիր քաղաքի ավագանու անդամներին:
Չնայած, որ հանձնաժողովը թիվ 21 ընտրատարածքում հոկտեմբերի 19-ի ընտրությունները համարվեցին կայացած, սակայն հանձնաժողովի 3 անդամներ Արմավիր քաղաքում անցկացված ավագանու ընտրությունների արդյունքների արդարացիությանը վերապահորեն մոտեցան եւ ներկայացրեցին իրենց հատուկ կարծիքը: Հատուկ կարծիք ներկայացրեցին ՀՅԴ ներկայացուցիչ Թորոս Չիլինգարյանը, ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Աղաբաբյանը եւ Ժառանգության ներկայացուցիչ Գագիկ Մարգարյանը:
Արմավիրի «Ալտ» հ/ը