ՊԱՏՈՒՀԱՍ ՁՄԵՌՎԱ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Հարթ կտուրներ ունեցող շենքերը կատարյալ պատուհաս են դարձել Գյումրիի բնակիչների համար: Եղանակային փոփոխությունները էլ ավելի օրախնդիր են դարձնում հարցի լուծման անհրաժեշտությունը:
Անցած տարի կառավարության միջոցներով հնարավոր է եղել Գյումրիի 33 շենքերի կտուրներ փոխարինել լանջավորներով: Սակայն ինչպես Բուլվարային, այնպես էլ Անի թաղամասում շարունակում են մնալ բազմաթիվ նման շենքեր: Խնդիրը քաղաքային բյուեջի միջոցով լուծել հնարավոր չէ, ուստի մնում է սպասել կառավարության աջակցությանը: Այսօր Գյումրիում դեռեւս կան հարթ կտուր ունեցող 65 բնակելի շենքեր: Դրանցից 10-ը Բուլվարային թաղամասում են, 55-ը՝ Անի թաղամասում:
Շենքերի կտուրների շահագործման ժամկետը վաղուց լրացել է: Ամեն անձրեւին ու ձնհալքին այս շենքերի բնակարաններում առատ տեղումները սովորական երեւույթ են, ինչի հետեւանքով բորբոսնել են պատերը, սենյակներում մշտապես խոնավություն է:
Տարիների ընթացքում շենքերը շարքից դուրս են գալիս եւ ստացվում է, որ այդպես շարունակվելու դեպքում փլուզումներից խուսափել հնարավոր չէ: Հարցի լուծման ակնկալիքով բնակիչները բազմիցս դիմել են համապատասխան ատյաններին եւ մշտապես ստացել միեւնույն պատասխանը՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չկան: Այն, որ խնդիրը պահանջում է անհապաղ լուծում, մենք էլ գիտենք,- հավաստիացնում է քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետը:
Կառավարության արտագնա նիստի ժամանակ այս հարցը բարձրացվել է: Խնդիրը մասնակի կերպով լուծել հնարավոր չէ, որովհեւտեւ դա կլինի ուղղակի գումարների վատնում: Իսկ հարթ կտուրները լանջավորներով փոխարինելը պահանջում է ներդրումներ: Անցած տարի նման 33 շենքի կտուրների լանջավորումը կառավարության վրա արժեցել է 230 միլիոն դրամ: Այնպես որ՝ բնակիչներին մնում է սպասել, թե կառավարությունը երբ որոշակի միջոցներ կտրամադրի հարցի լուծման համար:
Գյումրիի «Ցայգ» հ/ը