ԳՅՈՒՄՐԻՆ ԶՈՒՏ ՏԱՐԱՆՑԻԿ ԿԱՅԱՐԱՆ Է / VIDEO /
Աջակցիր «Ա1+»-ինՏարեսկզբին հայկական երկաթուղին երեսուն տարով կոնցեսիոն կառավարման հանձնվեց ռուսական կողմին:
Այս ընթացքում ռուսական ընկերությունը 570 միլիոն դոլար ներդրում է կատարելու, որից 220 միլիոնն առաջիկա հինգ տարիների ընթացքում:
Այսօր արդեն Գյումրի կայարանում զգալի տեղաշարժեր կան: Օրեր առաջ Գյումրի կայարանը նոր մեքենաներ է ստացել, ձնահեռացման եւ գծերի վերանորոգման աշխատանքների համար: Նախկինում կայարանը նման մեքենաները օրավարձով բերում էր Թբիլիսիից:
Տեխնիկական նոր վերազինում կայարանում դեռ նախատեսվում է, սակայն հզոր տանտիրոջ ներկայությունն ու հովանավորությունը առայժմ սահմանափակվում է գծերի վերանորոգմամբ ու տեխնիկական հագեցվածությամբ:
Իսկ երկաթուղային շրջափակումը շարունակվում է: Դեպի Թուրքիա ելքի հեռանկարի մասին խոսվում էր ի սկզբանե, սակայն այս ուղղությամբ լուրջ տեղաշարժ չկա, բանակցությունները ընթացքի մեջ են:
Գյումրի-Կարս ուղղության վերագործարկման պարագայում Գյումրին շահեկան դիրքում կհայտնվի, նոր աշխատատեղեր, տնտեսական աշխուժացում:
Այսօր Գյումրին զուտ տարանցիկ կայարան է, իրականացնում է միայն տեսակավորող, ուղարկողի գործառույթ:
Գնացքից օգտվողներն հիմնականում գյուղերի բնակիչներն են, ովքեր կայարանամերձ շուկայում առեւտուր են անում: Սակայն ռուսները կրկնակի տարիֆային թանկացում են արել, արգելել 30 կիլոգրամից ավել բեռներ փոխադրելը, ինչն էլ բնականաբար հանգեցրել է ուղեւորի կորստի: Օրական կայարանը հանգրվանում ու ճանապարհ է դնում 350 ուղեւորի:
«Եթե երկաթուղին չեղնի, Հայաստանը չիդեմ ինչ կեղնի, բայց առաջ երկաթուղայիններին լավ կնայեին, հմի չէ: Տոմսը թանկացրեցին, հիմա քիչ են մարդիկ օգտվում»,-ասաց մեքենավար Կառլեն Մարգարյանը:
Գյումրիի կայարանում ամեն ինչ խորհրդային ժամանակներն է հիշեցնում, պարզապես մեկ տարբերությամբ սպասասրահները դատարկ են, չվացուցակը խիստ սահմանափակ, երկաթուղին էլ չունի առաջվա դերն ու նշանակությունը: Ռուս գոծընկերները վերացրել են երկաթուղու ֆիզիկական մաշվածությունը, սակայն բարոյական մաշվածությունը դեռ առկախ է:
Գյումիի «Ցայգ» հ/ը