ՄԱՐԶԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ / VIDEO /
Աջակցիր «Ա1+»-ին1988թ. աղետալի երկրաշարժից հետո ռուս շինարարները Գյումրիի Մուշ թաղամասում շինարարություն սկսեցին: 20 տարի հետո, այս շաբաթ, Մուշ թաղամասում կրկին տեխնիկայի եւ շինարարների ձայներ լսվեցին: Օրերս պարզվել է, որ կիսակառույցները պետք է ամբողջությամբ ապամոտնաժել, քանի որ ռուս շինարարները կառույցի հիմքերը դնելիս անբարեխիղճ են եղել: Նրանք, ովքեր 20 տարի շարունակ երազել են Մուշ թաղամասում բնակարան ունենալ, ստիպված են կրկին սպասել: Այս տարածքում առաջիկա 2 տարիների ընթացքում պատրաստվում են կառուցել 2300 բնակարան, սակայն 4080 անօթեւաններն արդեն հուսահատված են:
Գյումրիի որոշ բանկիչներ էլ, որոնք պայմանական համարվում են տանիքով ապահովածներ, շարունակում են բնակվել հարթ կտուրներով շենքերում: Նման շենքերի թիվը Գյումրիում հասնում է 65-ի: Ամեն անձրեւից հետո բնակիչները կանգնում են փաստի առաջ: Հարթ կտուրները չծածկելու դեպքում այդ շենքերի փլուզումը անխուսափելի կլինի: «Քարե դարի պատկեր չէ՞ մեր բնակարանները»,- ասում են դեռ հումորը չկորցրած բնակիչները:
Գյումրիի քաղաքապետարանից հայտնել են, որ խնդիրը անհապաղ լուծման կարիք ունի, սակայն դրա համար գումարներ են անհրաժեշտ, որն այս պահին քաղաքապետարանը չունի:
Գյումրիում ավելացելանում են միայնակ տարեցների թիվը: Նրանց այցելում են միայն հարեւաններն ու բարի մարդիկ: 5 օր իր բնակարանից դուրս չգալուց հետո հարեւանները ստիպված են եղել դիմել փրկարարների, որոնք Գյումրիի բնակիչ 83-ամյա Անյա Միրոշենկոյին հայտնաբերել են իր բնակարանում սրտի կաթվածից մահացած:
Իրավիճակը տխուր է նաեւ Գյումրիի Տերյան 6 հասցեում, որտեղ բնակիչները օրերս վերապրել են 1988թ. աղետալի երկրաշարժի վախն ու տագնապը: Ուժգին քամիները մաս-մաս քանդում են կիսավեր շենքը, որը զրկված է ջրագծերից, կոյուղուց եւ կենցաղային տարրական պայմաններից: «Ամեն պահ սպասում ենք, որ Նիֆ-նիֆ խոզուկի կառուցած տունը փլվի»:
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այս շաբաթ որպես վերընտրված քաղաքապետ հանդիպել է հ/ կ-ների ներկայացուցիչների հետ: Հանդիպման հիմնական թեման Գյումրիի երիտասարդությունն էր, որը ըստ պարոն Ղուկասյանի` շատ պասիվ է եւ բացի քննադատությունից ոչնչով չի զբաղվում: «Որքան պետք է գումար կտրամադրեմ, դուրս բերեք երիտասարդներին իրենց տներից»-ասել է քաղաքապետը:
Եղանակի փոփոխության հետ կապված` Գյումրիի երաժշտական դպրոցներում այս շաբաթ նորից տեղադրվել են նախորդ տարվա վառարանները, որոնցից հույս ունեին ազատվել գոնե այս տարի: Նավթի կամ փայտի վառարանների առակայությունը նշանակում է, որ մի փոքր ուժգին քամու դեպքում պարապունքները երաժշտական դպրոցում կարող են կդադարեցվել:
Ձմռան նախաշեմին Շիրակի մարզի գյուղական վայրերի խնդիրները ավելի են սրվում: Բանդիվար գյուղում բնակիչները հիմնականում ստիպված են զբաղվել անասնապահությամբ, քանի որ հողագործությունն իրեն չի արդարացնում` գյուղը զրկված է ոռոգման ջրից եւ անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկայից: Գյուղապետին ավելի շատ մտահոգում է երեխանների խնդիրը, որոնք զրկված են մշակույթի տնից եւ նույնիսկ գրադարանից, որը տեղավորված է գրադարանավարուհու սեփական տանը:
Շիրակի մարզպետ Լիդա Նանյանն այս շաբաթ որոշել է շրջագայել իր մարզում եւ անձամբ ծանոթանալ բոլոր խնդիրներին: Մարմաշեն, Վահրամաբերդ, Կապս համայնքններում տիկին Նանյանը կարեւորեց ճանապարհաշինությունը, քանի որ ճանապարհների անսարքության պատճառով վերջերս ավտովթարների թիվը ավելացել է, իսկ գյուղական դպրոցների վիճակը մարզպետին խիստ տխրեցրեց:
Այս շաբաթ ակտիվ էր Գյումրիի մշակութային կյանքը: Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան 70-ամյա Յուրա Ոսկանյանին Մշակույթի նախարարությունը անակնկալ էր պատրաստել` պարգեւատրում ոսկե մեդալով: Վաստակավոր դերասանը իր սիրելի թատրոնում ավելի քան 100 դեր է խաղացել:
Այս շաբաթ Գյումրիում էր նաեւ Մոսկվայի Չայկովսկու անվան ֆիլհարմոնիայի դասախոս, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Հայրապետյանը: Իր սիրելի քաղաք նա եկել էր հատուկ համերգային ծրագրով: Համերգից հետո Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի` Գյումրիի դասախոսական կազմը նրան պարգեւատրեց եւ հուշանվեր հանձնեց:
Այս շաբաթ մեծ բանաստեղծ Հովհանես Թումանյանը, «այցելել» է Գյումրիի իր գրծընկերոջը` Ավետիք Իսահակյանին: Հանդիպումը տեղի է ունցել Իսահակյանի անվան տուն-թանգարանում: Իսահակյանը Թումանյանին «ընդունել» է, ճիշտ այնպես ինչպես տարիներ առաջ` 1985թ.:
Մոտ ժամանակներս Իսահակյանը պատրաստվում է «այցելել» Թումանյանին: Հանդիպումը տեղի կունենա Երեւանում` Թումանյանի տուն-թանգարանում:
Լոռու մարզում վերջապես տեղի ունեցան Օձունի գյուղապետի վերաքվեարկությունը: Քվեարկության ընթացքին հետեւելու համար` Օձուն էին ժամանել ԿԸՀ անդամները եւ անձամբ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: Վերահաշվարկի արդյունքում պարտվել է գործող թաղապետը, եւ հաղթող է ճանաչվել Արսեն Տիտանյանը:
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը եւ Ալավերդու քաղաքապետարանը ստեղծել են առաջին համատիրությունը: Ալավերդու Էվոյան փողոցի բնակիչները որոշել են իրենք զբաղվել իրենց շենքերի բարեկարգման աշխատանքներով:
Այս շաբաթ առաջին անգամ Ալավերդու քաղաքապետարան են այցելել ընտրված ավագանու թեկնածուները: Հենց առաջին հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Ալավերդու «Էյ-Սի-Փի» ընկերության աշխատակիցներին սպառնող գործազրկության հնարավորությունը եւ կարեւորել են ալավերդցիներին աշխատանքով ապահովելու խնդիրը:
Ալավերդու 68-ամյա բնակիչ Սվետլանան, ի տարբերություն իր հարեւանների, ազատ ժամանակն անցկացնում է համակարգչի առաջ` ինտերնետում տեղեկություններ փնտրելով, եւ արտերկրում գտնվող իր երեխաների եւ թոռների հետ շփվելով:
«Օդնակլասնիկում» իր համադասարանցիներին փնտրելու տիկին Սվետլանայի փորձերը արդյունք չեն տվել: Նա պարզել էր, որ իր հասակակիցները համակարգչի հետ սեր չունեն:
ՀՀ-ում ՏԻՄ 12-րդ տարեդարձի կապակցությամբ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին Սերժ Սարգսյանը արժանացրել է «Անանիա Շիրակացի» մեդալի, իսկ Վանաձորը` լավագույն քաղաք գնահատականին: Որոշ վանաձորցիներ տեղյակ չէին իրենց քաղաքապետի հաջողության համար, իսկ քաղաքի հարցում կասկածներ չունեին:«Մեր քաղաքը միշտ էլ ամենագեղեցիկն է եղել»,- ասացին վանաձորցիները:
Հայկական «Կարիտաս» ընկերությունը, Վանաձորում շարունակում է իրականացնել միայնակ ծերերի տնային խնամք: 903 միայնակ ծերերին ծրագրի շրջանակներում սոցիալական եւ բուժօգնություն է տրամադրվում:
Այս շաբաթ Վանաձորում բացվել է Եվրոպական կրթական ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղը, որը վանաձորցիներին խոստանում է միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն` հենց իրենց ծննդավայրում:
1988թ. աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին այս շաբաթ Վանաձորում հուշ համերգ էր կազմակերպել ՀՀ-ում ՌԴ հյուպատոս Վլադիմիր Խրուլյովը: