Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՊԱՀԻՆ ՀԱՅՏՆՎԵՑԻՆ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՆՔ

Մարզեր

Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաշ համայնքում նոյեմբերի 16-ին կայացել է համայնքի ղեկավարի ընտրության վերաքվեարկություն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր համարել է հոկտեմբերի 26-ի ընտրությունները՝ արձանագրված բազմաթիվ կեղծիքների ու ընտրախախտումների պատճառով: Նախորդ քվեարկության արդյունքում հաղթող էր ճանաչվել հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Բաբկեն Չախոյանը՝ 3 ձայնով առաջ անցնելով գործող գյուղապետ անկուսակցական Գրիրգոր Սարգսյանից: Վերջինս էլ բողոքարկել էր ընտրության արդյունքները:

 Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, անցկացնելով վերաքվեարկություն, նպատակ ուներ բացառել հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խախտումները, ապա այս անգամ առաջին անճշտությունը թույլ էր տվել հենց ԿԸՀ-ն՝ պակաս ուղարկելով քվեաթերթիկները:

  Մեծ Մանթաշում տեղակայված թիվ 36/01 ընտրատեղամասում հաշվառված է 1561 ընտրող: Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ քվեաթերթիկները հատկացվում են գրանցված ընտրողների թվի մինչեւ երեք տոկոս ավել քանակով: Մինչդեռ այստեղ հատկացվել է ընդամենը 1559 քվեաթերթիկ:Հետեւաբար, եթե բոլոր ընտրողները ցանկանային մասնակցել քվեարկությանը, երկու թերթիկ պակասելու էր: Տեղամասային հանձնաժողովի նախագահը սակայն նշեց, որ նման բան չէր կարող լինել, քանի որ իրենց համագյուղացիներից շատերն արտերկրում են:

Վերաքվեարկությանը մասնակցել է 1136 ընտրող, սակայն ելունդների թիվը մեկով ավելի էր: Հանձնաժողովն ի վերջո եկավ այն եզրահանգմանը, որ դա խոտանված թերթիկի ելունդն է: Ձայների հաշվարկման ընթացքում աչքի էր ընկնում մեկ հանգամանք. կուսակցական թեկնածուի օգտին քվեարկված թերթիկների մեջ շատ էին այնպիսիք, որոնք ծալված էին քառապատիկ, ութնապատիկ կամ ծալված էին վերջիներիս եզրերը: Այլ տեղամասերում նման քվեաթերթիկները համարվել են անվավեր, քանի որ այդպիսով ընտրողը կարող է ինքնությունը բացահայտող նշան թողնել: Բացի այդ հանձնաժողովն անվավեր էր համարում անկուսակցական Գրիգոր Սարգսյանի օգտին քվեարկած այն թերթիկները, որտեղ կրկնակի էր կատարված սահմանված նշումը: Սակայն այդ մասին չէր արձանագրվում գրանցամատյանում, եւ երբ հայտնվում էր նման նշումով թերթիկ՝ քվեարկված Բաբկեն Չախոյանի օգտին, դրանցից մեկը դրվում էր վավերների մեջ՝ որպեսզի կուսակցական թեկնածուի ձայները չպակասեն: Մինչդեռ Գրիգոր Սարգսյանը նախորդ քվեարկության արդյունքները բողոքարկել էր նմանատիպ կեղծիքների պատճառով:

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ժամը 20:00-ից հետո, երբ ավարտվել է քվեարկությունը, ոչ ոք իրավունք չունի մուտք գործել տեղամաս, այնինչ քվեաթերթիկների հաշվարկման պահին Մանթաշի տեղամասում հայտնվեցին անահայտ անձինք՝ հեռանալով հանձնաժողովի աշխատավայրի հակառակ կողմը: Ի վերջո քվեարկության արդյունքների ամփոփումը ցույց տվեց, որ առաջատար դիրքում է հայտնվել Գրիգոր Սարգսյանը: Անվավեր թերթիկները 21 են: Այսպիսով ,վերաքվեարկությունը հիմնովին փոխել է նախորդ քվեարկության արդյունքները, եւ վերընտրվել է նախորդ գյուղապետը:

Գյումրիի «Ցայգ» հ/ը