Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1800 ՄԱՐԴ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ Է ԱՆՈՒՄ

Մարզեր

Վարձատրվող հասարակական աշխատանք ծրագիրը հանրապետությունում գործում է արդեն 8 տարի: Այդ տարիների ընթացքում Շիրակի մարզին հատկացված գումարը մյուս մարզերի համեմատ միշտ էլ ավելի մեծ է եղել:

2008 -ին Շիրակի մարզին հատկացվել է նախօրոք սահմանվածից 8 միլիոնով ավելի: Պատճառը նախ եւ առաջ այն է, որ հանրապետությունում գործազրկության ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Շիրակի մարզում:

Ծրագրի նպատակն է ժամանակավոր աշխատանքով ապահովել գործազուրկներին եւ աշխատանք փնտրողներին:

Ընթացիկ տարում իրականացվել է 98 ծրագիր, որից 30-ը Գյումրի քաղաքում, մնացածն էլ համայնքներում:

Ծրագրի շրջանակներում իրականացվել են փողոցների բարեկարգում, այգիների կանաչապատում, ծառերի խնամք եւ տրվել է օժանդակ աշխատուժ՝ քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների համար:   Այս տարվա վարձատրվող հասարակական աշխատանք ծրագիրը մեկնարկել է մայիսի 2-ից: Այժմ էլ ընթացքի մեջ է գտնվում եւս 10 ծրագիր: Ընդհանուր առմամբ` այս տարի ծրագրին հատկացվել է 176 մլն դրամ, որից 142 մլն-ը ադեն ծախսված է: Այս գումարից 115մլն դրամը կազմել է աշխատավարձը, իսկ մոտ 27մլն դրամը՝ սոցվճարումները:

2008 թվականի ծրագիրը տարբերվում է նախորդներից նրանով, որ առաջին հերթին բարձրացվել է տրվող օրավարձը՝ 1200 դրամից դառնալով 2000, բացի այդ 2008թ-ից ծրագրում կարող են ընդգրկվել ոչ միայն գործազուրկներ, այլ նաեւ աշխատանք փնտրող քաղաքացիներ, որոնք այս կամ այն պատճառով գործազուրկի կարգավիճակ չունեն: Ծրագրի հիմնական առավելություններից մեկն այն է, որ պահանջվում են ոչ թե «25-40 տարեկան բարետես, աշխատանքային փորձ ունեցող եւ բարձրագույնավարտ» մարդիկ, այլ պարզապես քաղաքացիներ, որոնք իսկապես ժամանակավոր աշխատանքի կարիք ունեն:

Տարվող աշխատանքները վերահսկվում են ստեղծված հատուկ հանձնաժողովների կողմից: 2008-ի ընթացքում այս ծրագրի շրջանակներում եռամսյա աշխատանք են ձեռք բերել մոտ 1800 մարդ:

Գյումրիի «Ցայգ» հ/ը