ԵՐԱԿՆԵՐՆ ԵՆ ԿՏՐՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Հանրապետական կենտրոնական զորակոչային բժշկական հանձնաժողովը շարունակում է ստուգումները` որոշելու զինակոչային տարիքի երիտասարդների պիտանելիությունը ազգային բանակում ծառայելու համար :
Գյումրիի զինկոմիսարիատում հանրապետական հանձնաժողովի անցկացրած բժշկական հետազոտությանը ներկայացել են երիտասարդներ Շիրակի եւ Լոռվա մարզերից:
Հանձնաժողովի կողմից ծառայությանը պիտանի ճանաչված երիտասարդները մոտ ապագայում կհամալրեն ազգային բանակի շարքերը, իսկ առողջական խնդիրներ ունեցողները ստացել են տարկետման իրավունք:
Կան երիտասարդներ, ովքեր առաջին անգամ են անցնում բուժզննում, կան այնպիսիք, որոնք արդեն մի քանի անգամ մասնակցոււմ են բուժստուգումներին:
Հիվանդություններն էլ բազմաթիվ են սկսած` թերքաշությունից մինչեւ հոգեկան խնդիրներ:
Սակայն հիմնավոր հիվանդություններ ունեցողների կողքին կան երիտասարդներ, ովքեր միտումնավոր կերպով առաջ քաշելով առողջական տարբեր խնդիրներ փորձում են խուսափել բանակից:Լինում են դեպքեր, երբ երիտարսարդին 4 կամ 5 անգամ բուժման հնարավորություն է տրվում, սակայն անգամ այս դեպքում մեծմասնության մոտ բուժվելու ցանկություն չկա: Նման ակնհայտ դեպքեր արձանագրելու դեպքում բժշկական հանձնաժողովը սպառնում է դատական գործ հարուցել:
Վերջին շրջանում շատերի մոտ տարածում է ստացել արատավոր մի երեւույթ բանակից փորձում են խուսափել երակները կտրելով:Եղել է դեպք, երբ նյարդային խանգարումը ապացուցելու համար երիտասարդը ներկայանալով բուժզննմանն անգամ փորձել է կտրել վիզը:
Վերջանական ասել, թե որ հիվանդություններ են գերակշռում այս տարվա զորակոչային տարիքի երիտասարդների մոտ եւ թե ինչքան զորակոչիկներ հիվանդության պատճառով կստանան տարկետման իրավունք, պարզ կլինի միայն զորակոչից հետո: Մինչեւ դեկտեմբերի վերջ հստակ կլինի նաեւ զորակոչից խուսափողների թիվը:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ