ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիի անհատական տաքսի ծառայություն մատուցող վարորդներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Շիրակի մարզպետարանի մոտ: Նրանց մտահոգել էին ՀՀ Տրանսպորտային տեսչության գրավոր զգուշացումները:
«Ձեր կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլով փոխադրումներն իրականացվում են տրանսպորտի մասին ՀՀ օրենսդրության եւ ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջների խախտումներով: Տեղեկացնում եմ, որ նմանատիպ խախտումների կրկնվելու դեպքում Ձեր նկատմամբ կկիրառվեն ՀՀ Օրենսդրությամբ սահմանված ներազդման միջոցներ: ՀՀ Տրանսպորտային տեսչության պետ՝ Ա. Հարությունյան»,-ասված էր զգուշացման մեջ:
Վարորդներին մտահոգում էին օրենքի որոշ դրույթներ, որոնք ըստ նրանց, խոչընդոտում են իրենց աշխատանքը: Նախ նրանք չէին ցանկանում, որ շահագործվող ավտոմեքենայի արտադրության ժամկետի սահմանափակում դրվի.
Վարորդները վկայակոչում էին նաեւ դեղին համարանիշերի ստացման, հաշվիչների ձեռքբերման եւ էլի ուրիշ այլ ծախսերի հետ կապված գումարների անհրաժեշտությունը: Սակայն ամենագլխավոր խոչընդոտն ըստ վարորդների, տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպությունների գործելակերպն է.
«Դրանք ուզում են խեղդել էս օրվա հաց հայթայթողների համար, որդեւ միլիարդներն ունին, չիդեմ մե տեղմ բդի դնեն: Ժողովրդի խո սոված պահելով չէ՞»,-ասաց վարորդներից մեկը:
Վարորդների ներկայացուցիչներին ընդունեց Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը: Նա վարորդներին հորդորեց իրենց դիտարկումները ձեւակերպել գրավոր, ինքն էլ իր անունից խոստացավ ներկայացնել երկրի կառավարությանն ու Ազգային ժողովին.
Վարորդներն այնուհետեւ հանդիպեցին նաեւ ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության ներկայացուցչի` Արմեն Վարդապետյանի հետ: Նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչեւ 2009 թվականի հունվարի մեկը վարորդներին չանհանգստացնելու մասին:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ