Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՉԵՆ ԱԶԱՏՈՒՄ, ՄԱՏՆՈՒՄ ԵՆ ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈՒՐԴԻ

Մարզեր

Վանաձորի տնտեսությունը եւս կրեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցությունը: Միջազգային շուկաներում հումքի գների անկման հետեւանքով Վանաձորի «Քիմպրոմ» ՓԲԸ, որի արտադրանքի շուրջ 95%-ը արտահանվում էր միջազգային շուկաներ՝ Հնդկաստան, Դուբայ, Արաբական Էմիրություններ, արդեն իսկ մեծ կորուստներ է կրել:

«Քիմպրոմ»-ի կողմից արտադրվող կարբիդի գինն օրինակ, 50% -ով նվազել է՝ 800 ԱՄՆ դոլարից հասնելով 400-ի: Վանաձորի «Քիմպրոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովի խոսքերով՝ չնայած ֆինանսական դժվարություններին, ընկերությունում աշխատակազմի կրճատումներ չեն լինի: Վանաձորի «Քիմպրոմ»-ի ամսական աշխատավարձերի ընդհանուր գումարը կազմում է 36 մլն դրամ, որն այս պայմաններում ընկերությունն ի զորու չէ վճարելու: Ընկերության 800 աշխատողներից շուրջ 350-ը, դեկտեմբերի 1-ից սկսած, 2-3 ամսով հարկադիր պարապուրդի կմատնվեն, սակայն ոչ մի դեպքում չեն ազատվի աշխատանքից,-վստահեցնում է գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը:

Վերջիններիս աշխատավարձը, գլխավոր տնօրենի հավաստմամբ, կպահպանվի 2/3-ի չափով: Վանաձորի «Քիմպրոմ» ՓԲԸ այս փորձությունից դուրս բերելու հույսերը Ալեքսանդր Սնեգիրյովը կապում է տեղական հումքի հիման վրա նոր կալիումական պարարտանյութի արտադրության հետ, ինչը հնարավորություն կտա ընկերությանը՝ խուսափելու միջազգային շուկաների վայրիվերումների բացասական հետեւանքներից: