Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՉԵ՞Ն ՍԻՐՈՒՄ

Մարզեր


1,5 տարի առաջ Գյումրու կենդանաբանական այգին, որ նախկինում գործում էր կենտրոնական այգու տարածքում, տեղափոխվեց ծայրամասում գտնվող Կոշտոյան փողոցի վերջնամաս: Տեղափոխության պատճառը մերձական տարածքում ապրող բնակիչների բողոքն է եղել. «Կենդանիները ձայներ են հանում եւ տհաճ հոտ է գալիս»:


Կենդանաբանական այգին քաղաքի հետ կապող ոչ մի տրանսպորտային միջոց չկա: Սա էլ իր հերթին է նպաստում այցելուների թվի նվազմանը: Հաջորդ տարվանից թիվ 14 երթուղին կհասնի Կենդանաբանական այգի: Նախկինում, երբ Կենդանաբանական այգին գտնվում էր Գորկու զբոսայգում, քաղաքապետարանը գումար էր տրամադրում կենդանիների սննդի ձեռքներման համար, սակայն տեղափոխման հետ այդ խնդիրն այժմ լուծվում է տնօրինության, աշխատակիցների սրտացավության ու այցերից գոյացած գումարների հաշվին:


Տոմսը մեծահասակների համար 300 դրամ է, իսկ երեխաների համար՝ 200: Սա ամռանը, իսկ տարվա մնացած եղանակներին տոմսի արժեքը բոլորի համար 200 դրամ է:


Ձմեռն իր հետ մի խնդիր էլ կբերի` ձմեռացման խնդիրը: Բրդոտների բախտը բերել է նրանք կարող են դրսում էլ մի կերպ յոլա գնալ: Իսկ ահա կապիկներն ու թռչունները ստիպված են հարմարվել նեղ եւ անբարենպաստ պայմաններին նրանք բնակվում են տնակներում:


Չնայած առկա խնդիրներին, այստեղ նոր տարվա հետ համալրման են սպասում ջայլամի, լամայի եւ արու առյուծի:


Իսկ աշխատակիցները հույս ունեն, որ հաջորդ տարի քաղաքի բյուջեում այգուն գումար կհատկացվի:


Գյումրիի «Ցայգ» հ/ը