ՎԱՐՁԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է 1000 ԴՐԱՄՈՎ
Աջակցիր «Ա1+»-ին
Ալավերդի քաղաքի ավագանու 29.07.2008թ որոշման համաձայն մանկապարտեզներում վարձը սահմանվել է 4000 դրամ։ Այս որոշումն ուժի մեջ կմտնի 2009թ հունվարի 1-ից։ Այսինքն՝ հաջորդ տարվանից այն ծնողներն, ովքեր ունեն մանկապարտեզ հաճախող երեխաներ 1000դրամով ավելի պետք է վարձավճար մուծեն ։
Ըստ Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանի՝ այս կերպ որոշակի առումով կթեթեւանա քաղաքապետարանի ֆինանսական ծանր բեռը, իսկ մանկապարտեզներում նորմալ սպասարկման պայմաններում վարձավճարի 1000 դրամով թանկացումը ոչինչ չի նշանակի ծնողի համար, մանավանդ որ՝ ամբողջ ձմեռ բոլոր մանկապարտեզները, բացառությամբ Սանահին գյուղական համայնքի մանկապարտեզի՝ բնական գազ են վառելու։
«Շատ երեխաների համար այսօր նույնիսկ իրենց բնակարաններում անհրաժեշտ ջերմաստիճան չի ապահովված, էլ չենք խոսում օր օրի լավացող սննդատեսակների մասին»,-նշում է քաղաքապետը։
Այնուամենայնիվ, վերջին շրջանում Ալավերդու հանքերի ու հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատակիցների կրճատումների արդյունքում շատերը զրկվել են ֆինանսական կայուն հոսքից, իսկ առանց աշխատանքի մնացած ծնողներին մեղմ ասած՝ ձեռնտու չէ ավագանու կայացրած այս որոշումը։
Արդյունքում՝ նախակրթարանների աշխատակիցները մանկապարտեզ հաճախող երեխաների թվի նվազում են կանխատեսում։
Շատերն արդեն հայտնել են, որ հունվարից իրենց երեխաները չեն հաճախի մանկապարտեզ։
Իսկ ինչ վերաբերում է Ալավերդիում զգալի թիվ կազմող կարիքավոր ընտանիքների երեխաներին, քաղաքապետ Արթուր Նալբանդյանի հավաստմամբ՝ նրանցից նպաստառուների ցուցակներում գրանցված 100-ի համար «Մանես» բարեգործական հիմնադրամը շարունակելու է փոխհատուցել։
Ամեն դեպքում, սա վիճակն առանձնապես չի փոխի, քանի որ յուրաքանչյուր մանկապարտեզից հիմնադրամը վճարում է երեխաների 24 տոկոսի փոխարեն, այնինչ դաստիարակների հավաստմամբ, լիարժեք վճարունակ է ծնողների 30 տոկոսը միայն։
Ալավերդու «Անկյուն +3» ՀԸ