ՀՐՇԵՋՆԵՐԸ ՆԱԵՎ ՏԱՆԻՔ ԵՆ ՆՈՐՈԳՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի անդամներն այս տարին էլ դիմավորեցին կաթող տանիքով, շենքային անբավարար պայմաններում։ Իրենց պարտականություններից բացի հրշեջները արդեն նաեւ տանիքը նորոգելու վարպետություն են ձեռք բերել։
Ղեկավարները խոստացել են, որ այս տարի շենքի տանիքը կվերանորոգվի։ Հրշեջները սպասում են նաեւ աշխատավարձի բարձրացման խոստումների կատարմանը։
Հունվարից նրանց աշխատավարձը բարձրանալու է մինչեւ 60 տոկոսով։ Ներկայումս նրանց ամսական միջին աշխատավարձը 45000-50.000 դրամ է։
Կաթող տանիքի նորոգումից, աշխատավարձերի բարձրացումից բացի նոր տարում հրշեջները կցանկանային նաեւ հին մեքենաները վերջապես փոխարինված տեսնել նորերով։
Ունեցած երկու մեքենաներից մեկը սպասարկում է Ալավերդի քաղաքին, մյուսը՝ Օձունի ենթաշրջանի գյուղերին։ Մեքենաներն արդեն 25 տարվա վաղեմության են եւ միայն վարորդների հնարամտության շնորհիվ են դեռեւս աշխատում։
Անցյալ տարի հրդեհի 46 դեպք է գրանցվել։Դա մոտավորապես կրկնակի շատ է 2007-թ-ի համեմատ։
Նախատոնական եւ տոնական օրերին Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատում տոնական տրամադրությունը չի փչացրել ոչ մի կանչ։ Հրդեհի դեպքեր չեն եղել։
Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ